«Հայաստան» խմբակցության չորս պատգամավոր՝ Աննա Գրիգորյանը, Գեղամ Մանուկյանը, Արթուր Խաչատրյանը և Քրիստինե Վարդանյանը, համատեղ դատական հայց են ներկայացրել ընդդեմ կառավարության և ԱԳՆ-ի, հայտնել է Վարդանյանը։
Նրա խոսքով՝ հայցով պահանջել են ոչ իրավաչափ համարել ՀՀ ԱԳ նախարարի՝ 2024 թ. մարտի 14-ի գրությունը, որով իրենց արգելվել է ծանոթանալ Ադրբեջանի հետ քննարկվող պայմանագրի փոխանակվող նախագծերին։
Վարդանյանը հայտնել է, որ դատարանը՝ դատավոր Ռոբերտ Մաքեյանի նախագահությամբ, հայցադիմումը վարույթ ընդունելու որոշում է կայացրել։ Նախնական դատական նիստի օրը 2025 թվականի հունվարի 14-ն է։
«Հետևողական ենք լինելու այս կամայական որոշումը չեղարկելու ու հանրության համար հույժ կարևոր փաստաթղթին ծանոթանալու մեր իրավունքը վերականգնելու հարցում»,- գրել է պատգամավորը։
Նոյեմբերի 5-ին Հայաստանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ հայկական կողմն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի պատասխան առաջարկները (նախագծի 11-րդ խմբագրում):
Սեպտեմբերի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի նախագծի 13 հոդված և նախաբանն ամբողջությամբ համաձայնեցված են։ Օգոստոսի 31-ին ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպմանը նա տեղեկացրել էր, որ խաղաղության պայմանագրի մասին ՀՀ-ն նոր առաջարկներ է ներկայացրել Բաքվին։ Հուլիսի 20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի 80-90%-ն արդեն համաձայնեցված է։
Հունիսի 6-ին Ալիևը Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումն առանց Հայաստանի սահմանադրության փոփոխության «անհնար էր» անվանել։