Եթե մեծահասակներն Ամանորին սպասում են գործերը նոր ուժերով սկսելու և էներգիայով լիցքավորվելու ակնկալիքով, ապա երեխաներին ավելի շատ գրավում է Ամանորի հրաշքը, որի կարևոր բաղադրիչներից են նվերները։ Դրանց երեխաներն այս օրերին առանձնահատուկ անհամբերությամբ են սպասում. ավելի շատ, քան սովորական օրերին։ Ուստի շատ կարևոր է պատասխանատու մոտեցում ցուցաբերել նվերի ընտրության հարցում և երեխաներին տալ խորիմաստ նվեր:
Armenia Today-ը հավաքել է ամանորյա նվերների ընտրանի, որոնք անտարբեր չեն թողնի ձեզ և ձեր երեխաներին:
Կոմիտասի և Արամ Խաչատրյանի երաժշտական գրքերը
«Իմ առաջին մեղեդիները» շարքի «Կոմիտաս» և «Արամ Խաչատրյան» գրքերը, որոնք պատմում են հայ կոմպոզիտորների մասին, հայերենում առաջինն են նման ձայնային-երաժշտական ձևաչափով։ Այս գունագեղ նկարազարդ ձայնային գրքերում երեխաները կլսեն հայ կոմպոզիտոների հանրահայտ մեղեդիներից հատվածներ՝ ընդամենը կոճակի մեկ հպումով: Գիրքը երկլեզու է՝ հայերեն ու անգլերեն և պատմում է նրանց կյանքի ու ստեղծագործություննների մասին: Գրքի էջերին թաքցրել են Կոմիտասի սիրելի սողսողիկին, որին երեխան պետք է փնտրի ու գտնի՝ մարզելով ուշադրությունը։ Գրքի արժեքը 13 900 դրամ է։
«50 առաջադրանք չարաճճի պատանիների համար» գիրք
Այս նվերն իդեալական է ծնողների համար, ովքեր չգիտեն, թե ինչպես պահել անհանգիստ և չարաճճի երեխային: Համոզված ենք, որ նրանք ուրախ կլինեն, եթե երեխան ժամանակ անցկացնի ոչ միայն զվարճանալով, այլև օգուտ ստանալով ու հետաքրքրությամբ։ Դրանում ձեզ կօգնի «50 առաջադրանք չարաճճի պատանիների համար» հետաքրքրաշարժ գրքույկը, որում կգտնեք «Ներկիր ինքդ», նկարչական առաջադրանքներ, «Գտիր և ցույց տուր», տարբերությունների խաղեր և բազմաթիվ այլ առաջադրանքներ: Այս գրքույկն ունենալուց հետո ձեզ անհրաժեշտ կլինեն ֆլոմաստերներ և գունավոր մատիտներ: Գրքույկն արժե 1500 դրամ։
Հանրագիտարան՝ «Սուզվե՞նք խորքերը պատմության» և «Թռչե՞նք դեպի տիեզերք»
Երեխաներին գիտելիքներով հետաքրքրելու ամենաարդյունավետ միջոցը հանրագիտարաններին ծանոթացնելն է: «Սուզվե՞նք խորքերը պատմության» գրքի հերոսների հետ միասին ընթերցողը ճամփորդության է գնալու դեպի հեռավոր անցյալ: Երեխան անմիջապես կցանկանա ուսումնասիրել պատմության դարավոր շերտերը` Վայրի արևմուտքից մինչև սառցե դարաշրջան և ծանոթանալ անցյալի ամենահետաքրքիր էջերին: Գրքում նա կգտնի մի շարք հարցերի պատասխաններ՝ ի՞նչ էին ուտում ացտեկները, ի՞նչ սպորտաձևեր կային առաջին Օլիմպիական խաղերում և ինչպե՞ս էին միջնադարում տեղի ունենում ասպետական մրցաշարերը։
Պատմության մեջ ընկղմվելուց հետո ձեր երեխային հնարավորություն տվեք «Թռչել դեպի տիեզերք»: Արդեն ծանոթ հերոսների հետ նա կշարունակի իր ճանապարհորդությունն անծայրածիր տիեզերքով։ Ուղեցույցը կսովորեցնի, թե ինչպես ուսումնասիրել համաստեղությունները և բացահայտել, թե իրականում ի՞նչ է թաքցնում տիեզերքը: Հանրագիտարաններն արժեն 6990 դրամ։
Խաղ երեխաների համար «Հոպ-հոպ նապո»
Փոքրիկների հետ պետք է շատ խաղալ ու որքան վաղ տարիքից, այնքան լավ: Իսկ եթե արդեն փնտրում եք նրա առաջին սեղանի խաղը, ուրեմն «Հոպ-հոպ նապո»-ն այն է, ինչ պետք է։ Խաղը բաղկացած է տարբեր թեմաներով (կենդանիներ, առարկաներ, սնունդ, գործողություններ) և պատկերներով քարտերից, որոնք բաժանված են ըստ գույների։ Մասնակիցները ժեստերով բացատրում են քարտերի պատկերները և շարժվում են խաղադաշտով: Խաղի շնորհիվ երեխան սկսում է հասկանալ պատկերի և բառի կապը, համակարգել իր շարժումները տարածության մեջ, սովորում է երևակայել, արտահայտվել առանց բառերի, ինչպես նաև զարգացնում է համբերությունն ու ավելիին հասնելու ցանկությունը: Խաղի արժեքը՝ 6900 դրամ։
«Գաղտնիքների գիշերը» կախարդական պատմություն
Գրքեր կան, որ մոգական են ու կարողանում են քեզ վերհանել ցանկացած վիճակից ու տանել իրենց հետևից։ Արմինե Անդայի հրաշք պատմությունն էլֆերի ու հրեշտակների, բարության ու ընկերության մասին, Հեղնար Պետրոսյանի հեքիաթային նկարազարդմամբ այնպիսի շունչ է ստացել, որ գիրքը ձեռքդ վերցնելիս` հայտնվում ես գրքի էջերից ներս: Սա մի հրաշալի ամանորյա նվեր է ձեր բալիկներին։ Գիրքն արժե 5900 դրամ։
Կավագործ արտադրանք «Սաղմոս»-ից
Փոքրիկին գրքի աշխարհ տանելուց հետո նա կարող է տեղափոխվել կերամիկական արվեստի աշխարհ։ «Սաղմոս»-ը կավագործության արվեստանոց է։ Պատրաստում են կավե զարդեր, գինու խցաններ և այլ հուշանվերներ։ «Սաղմոս»-ից կարող եք գնել Շուշի քաղաքի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու պատկերով, ամանորյա զարդարանքներ՝ խորհրդավոր հրեշտակի տեսքով, ինչպես նաև Արցախի թեմայով այլ հուշանվերներ։ «Սաղմոս»-ի աշխատանքները կերտել է խեցեգործ զույգը՝ Անի Սահակյանը և Անդրանիկ Մանուկյանը։ Պատրաստում են օրիգինալ ապրանքներ և կատարում տարբեր պատվերներ։ Կավե արձանիկների և դեկորների գները՝ սկսած 3000 դրամից։
Papier d’Armenie-ի անուշաբույր թուղթ
Ավելի մեծ երեխաները կարող են հետաքրքրված լինել ֆրանսիական արտադրության, բայց հայկական հոգով այս բուրավետ թղթերով: Ֆրանսիացիների ձեռքում հայկական ավանդույթը վերածվել է եզակի արտադրանքի, որն արդեն 140 տարի օգտագործում ու սիրում են աշխարհի տարբեր երկրներում։ Ամանորի և Սուրբծննդյան տոներին մոմը և նրա լույսը խորհրդանշական նշանակություն ունեն։ Papier d’Armenie-ի անուշաբույր մոմերը ծնվել են համանուն թղթերի բույրերից, որոնց վրա դրոշմված է Kurkdjian-ի օծանելիքի ձեռագիրը։ Բուսական մոմից և բամբակյա միջուկով պատրաստված մոմերն էկոլոգիապես մաքուր են և չեն պարունակում վնասակար նյութեր։
Կարդացեք նաև՝ Մինչև 15 000 դրամ․ ամանորյա կանացի նվերներ հայկական բրենդներից։
Մինչև 15 000 դրամ․ ամանորյա նվերներ տղամարդկանց համար հայկական բրենդներից։