ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստում պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ներկայացրեց անհետ կորած և ռազմական գործողությունների ժամանակ գերի ընկած քաղաքացիների և նրանց ընտանիքների սոցիալական աջակցության վերաբերյալ համապատասխան օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը։
Ըստ նախագծի՝
▪️ անձը պետական ղեկավարի մարմնի հրամանով ճանաչվում է ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորած, եթե զորամասում, մարտադաշտում նրա գտնվելու վայրի մասին առնվազն երեք օր տեղեկատվություն առկա չէ
▪️ սահմանվում է, որ անհետ կորածը դատական կարգով բացակա չի համարվում՝ կտակ կամ այլ նմանատիպ գործողությունների մասով
▪️ պաշտոնից հեռացվելու դեպքերում անձը ներառվում է կադրերի ռեզերվում
▪️ կադրերի ռեզերվում հայտնվելու դեպքում անհետ կորածի ընտանիքի անդամների համար կնախատեսվի համապատասխան նպաստ։
Գորիգիսյանը նշեց, որ նախկինում դեպքեր են եղել, երբ Սյունիքի կամ Տավուշի մարզից քաղաքացիներ են կորել, որոնց դեպքում իրավակարգավորումներ առկա չեն եղել։ «Նրանց ընտանիքների համար որևէ պետական աջակցություն չկա, թեև որոշ դեպքերում հենց նրանք էին ընտանիքի հիմնական աշխատող անձը»,-նշեց Գորգիսյանը։
Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց: Անդրանիկ Քոչարյանն առաջարկեց հարցի քվեարկությունը հետաձգել, այդ ընթացքում Կառավարության հետ համատեղ աշխատել մատնանշված խնդիրների լուծման վրա: Սակայն, հիմնական զեկուցուղը հրաժարվեց: Ինչևէ, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովը ևս բացասական եզրակացություն տվեց նախագծերի այս փաթեթին։