Հայաստանի պաշտպանության նախարարի խորհրդական Վարդան Ավետիսյանը պարզաբանել է «Եռաբլուր» զինվորական պանթենում հուղարկավորված մարտական գործողությունների մասնակից, մարտական խաչի ասպետ Նարեկ Գևորգյանի գերեզմանի շուրջ ստեղծված իրավիճակը:
Ավելի վաղ Նարեկ Գևորգյանի հայրը ՝ Ռոման Գևորգյանը, լրատվամիջոցներին հայտնել էր, որ իր որդու գերեզմանի վրա տեղադրված տապանաքարը, սյուներն ու նստարանը քանդվել են: Ավելի ուշ ծնողները բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ կառավարության շենքի մոտ: Նրանք ընդգծել են, որ հուշարձանը տեղադրելու թույլտվություն ստացել են ՊՆ-ից:
«Զինուժ մեդիայի» եթերում Վարդան Ավետիսյանը հայտարարեց, որ Նարեկ Գևորգյանի հոր կողմից որդու գերեզմանին տեղադրված հուշարձանը մթագնել է պանթեոնի մյուս գերեզմանները, ինչը բողոք է առաջացրել զոհված զինծառայողների ծնողների մոտ: Նա ընդգծել է, որ ծնողների բողոքները «լիովին տեղին էին ու արդարացի»:
Նախարարի խորհրդականի խոսքով ՝ այս առումով Պաշտպանության նախարարությունը (օգոստոսի 6 -ից մինչև հուշարձանի ապամոնտաժման օր) բազմիցս խոսել է Ռոման Գևորգյանի հետ ՝ նրան հորդորելով լսել այլ ծնողների խնդրանքները, ինչպես նաև ընդունել գերատեսչության կողմից սահմանված չափանիշները:
«Սակայն նա անդրդվելի էր, և այս առումով որոշվեց կառուցել գերեզման, որը կհամապատասխանի մյուս գերեզմանների չափանիշներին», – ասաց նախարարի խորհրդականը ՝ նշելով, որ բոլոր ծնողներն ընդունում են Պաշտպանության նախարարության սահմանած չափանիշները: