Ապրիլի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է 44-օրյա պատերազմի ընթացքում և հետպատերազմյան ժամանակահատվածում ադրբեջանական գերության մեջ հայտնված զինծառայողների ծնողների և հարազատների հետ։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը լսել է հանդիպման մասնակիցներին, պատասխանել նրանց հուզող հարցերին։
Սուրեն Պապիկյանը ներկայացրել է գերության մեջ գտնվող մեր համաքաղաքացիների հայրենադարձման ուղղությամբ գործադրվող համակողմանի ջանքերը և հավաստիացրել, որ խնդիրը գտնվում է երկրի քաղաքական ղեկավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նման հանդիպումները պարբերական դարձնելու վերաբերյալ։
Հիշեցնենք՝ ԱԺ-ում ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2021 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցի մասին» որոշմամբ հավանության արժանացած զեկույցի ներկայացման ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Ադրբեջանը որպես գերի պահում է 38 անձի, որոնցից 3-ը քաղաքացիական անձինք են: