«Զինուժն» անդրադարձել է մեր նվիրյալ հերոսուհիների՝ հայ կանանց սխրանքներին, որոնք զոհվել են 2022-ի սեպտեմբերյան մարտական գործողություններոի ժամանակ: Տեսանյութը 5 հերոսուհիների՝ Իրինա Գասպարյանի, Ալիսա Մելքոնյանի, Գայանե Աբգարյանի, Անուշ Ապետյանի և Սուսաննա Գրիգորյանի մասին է:
Անկախ մարտական առաջադրանքի դժվարությունից՝ նրանք պատրաստ են եղել ռազմաճակատում անձնվիրաբար պաշտպանել հողը: Այսօր նրանց գործը շարունակում են ծառայակիցները, որոնք կարոտով են հիշում ընկերուհիներին:
«Մեր տունը հենց սահմանի մոտ է: Ես հպարտորեն եմ ծառայում, որովհետև ծառայությունն իմ պարքտն ու պարտականությունն է, որն ունեմ հայրենիքիս, ընտանիքիս ու երեխաներիս առաջ»,-ասում է զինծառայող Լարուրա Ասատրյանը՝ նահատակված հերոսուհի Իրինա Գասպարյանի ընկերուհին ու ծառայակիցը:
56-ամյա Սուսաննայի ռազմաճակատ գնալը հարազատների ու հատկապես աղջկա՝ Մարիամի համար զարմանալի չի եղել: Սուսաննան մասնակցել է նաև Արցախյան առաջին պատերազմին, երբ 26 տարեկան ու սպասում էր աղջկա ծննդին:
«Իրեն ինսուլտ էր խփել ու հազիվ վերականգնվել էր: Ասում էի՝ նոր էս վերականգնվել, ասում էր՝ ռազմաճակատում շունչս տեղն է գալիս, ոտքերս ուժ են առնում»,-պատմում է Սուսաննայի աղջիկը՝ Մարիամը:
Սուսաննան զոհվել է 2022-ի սեպտեմբերյան մարտերի ժամանակ՝ սեպտեմպերի 14-ին:
Սեպտեմբերյան մարտերին առաջնագծում էր նաև սերժանտ Իրինա Գասպարյանը:
Երբ սեպտեմբերի 13-ին սահմանին ծայրահեղ լարված էր, աղջիկը՝ Լիլիթը, շտապ զանգել էր մայրիկին: Իրինան հանգստացրել էր աղջկան՝ ասելով՝ «ամեն ինչ լավ է»: Այդ օրը նրանց վերջին խոսակցությունն էր:
Մելքոնյանների ընտանիքում հարազատի կորստի ցավն ու հպարտությունը կրկնակի են. իրար կողք-կողքի քրոջ և եղբոր լուսանկարներն են:
Սեպտեմբերյան մարտերին զոհված Ալիսա Մելքոնյանը Ապրիլյան մարտերի ժամանակ զոհված եղբոր՝ ենթասպա Գագիկ Մելքոնյանի հուղարկավորության օրը երդվել էր, որ նրա կիսատ թողած ինքն է շարունակելու, սակայն ճակատագիրը կրկնվեց. նա եղբոր պես հերոսացավ հայրենիքը պաշտպանելիս:
Սեպտեմբերյան մարտերի ժամանակ Ալիսայի հետ նույն մարտական դիրքում էր նաև նրա զինակից ամենամոտ ընկերը՝ Գայանե Աբգարյանը: Զինակից ընկերները պատմում են նրանց խիզախության, նվիրումի ու հայրենասիրության մասին:
Հայրենիքը պաշտպանելը սրբազան առաքելություն էր նաև Անուշ Ապետյանի համար: 33 տարեկանում երեք անչափահասի մայր Անուշը, չլսելով որևէ մեկի հորդորը, մեկնեց առաջնագիծ ու մինչև վերջ պայքարեց՝ պատվով կատարելով իր մարտական խնդիրը:
Մանրամասները՝ «Զինուժի» տեսանյութում: