Մարտի 30-ին հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի գործողությունների հետևանքով վիրավորում ստացած երկու զինծառայողները տեղափոխվել են Երևան և նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Տավուշի մարզում հակառակորդի գործողությունների հետևանքով վիրավորում ստացած երկու զինծառայողներն արդեն տեղափոխվել են Երևան, նրանց վիճակը կայուն է և նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- ասաց Շուշան Ստեփանյանը։
Հիշեցնենք, որ մարտի 30-ին ժամը 19:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը ձեռնարկել էր դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ:
Հայ դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ էր շպրտվել։ Գործողությունների հետևանքով թեթև վիրավորում է ստացել երկու զինծառայող: Միաժամանակ, հակառակորդը թիրախավորել է Բաղանիս և Ոսկեվան գյուղերը, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ոսկեվան համայնքի բնակիչ մեկ երեխա, որն այդ պահին գտնվել է պատշգամբում: Երեխան տեղափոխվել է Երևան «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Երեխայի կյանքին վտանգ չի սպառնում, բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն ծանր: