Կառավարության այսօրվա հերթական նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչ օրակարգին անցնելը հիշեցրեց նոյեմբերի 18-ին իր հրապարակած ճանապարհային քարտեզի 8-րդ կետի ձևակերպումը՝ Զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատումը և բարեփոխումների մեկնարկը, նշելով, որ վերջին ամիսներին այս թեմայով ինտենսիվ քննարկումներ են ունեցել, որոշակի նախնական եզրակացությունների եկել և, ըստ էության, ձևակերպել օրակարգ՝ թե ինչպես և ինչպիսի ձևաչափերում պետք է իրականացվի զինված ուժերի բարեփոխումը:
«Ես այսօր մտադիր եմ ստորագրել որոշում աշխատանքային խումբ ձևավորելու վերաբերյալ՝ ՊՆ նախարարի գլխավորությամբ, որն արդեն կիրականացնի զինված ուժերի բարեփոխումների հայեցակարգի ժամանակացույցի ձևավորումը: Ուզում եմ առանձնահատուկ ընդգծել, որ մենք այս գործընթացում մտադիր ենք էլ ավելի սերտ համագործակցել մեր անվտանգային թիվ մեկ գործընկերոջ՝ ՌԴ-ի հետ և համոզված ենք, որ այս գործընթացի արդյունքում մեր համագործակցությունը կդառնա ավելի արդյունավետ: Հույս ունեմ, որ մինչև ճանապարհային քարտեզի ամփոփման ամսաթիվը մենք այս հայեցակարգային աշխատանքի առնվազն մեծ մասը իրականություն կդարձնենք և գործնականում արդեն կսկսենք ձեռք բերված պայմանավորվածությունների ի կատար ածումը, որոշումների իրագործումը»,-ասաց վարչապետը: