ՀՀ ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով առաջարկվում է մարտական գործողություններում ընդգրկված պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց համար նախատեսել սոցիալական երաշխիքներ:
«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Վաչե Քալաշյանը:
Վերջինս ընդգծեց՝ նախատեսում են, որ որպես կամավորական մարտական գործողություններին մասնակցած պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց հիմնական վարձատրությունը պահպանվի:
«Նախատեսում ենք զորահավաքային զորակոչի և որպես կամավորական մարտական գործողություններին մասնակցած անձանց մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածը ներառել կիսամյակային հաշվետվություններով և կատարողականի հիման վրա տրվող պարգևատրումների աշխատաժամանակի մեջ»,- ներկայացրեց Քալաշյանը:
Հավելենք, որ առաջարկությունները տարածվելու են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա: