Վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշել է Հայաստանի անվտանգության ապահովման ուղղությունները:
Նրա խոսքով, առաջին հերթին, դա ռուս-հայկական ռազմավարական հարաբերությունների խորացումն է, ՀԱՊԿ-ի կատարելագործումը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներգրավումը տարածաշրջանում անվտանգության ոլորտում:
Նա նաև նշել է անվտանգության ոլորտում Իրանի հետ համագործակցության հնարավորությունների օգտագործումը: Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը հստակ պայմանագրային հարաբերություններ ունի ՌԴ-ի հետ։
«ՌԴ նախագահի հետ վերջին 8 ամիսների ընթացքում տասնյակ անգամ եմ քննարկել այդ հարցը, և ՌԴ-ն հստակ արձանագրել է այն դիրքորոշումը, որ Հայաստանի սահմանը Ռուսաստանի համար «կարմիր գիծ» է, և այդ դաշնակցային հարաբերությունները պետք է աշխատեն», – ասել է նա:
Որպես անվտանգության ապահովման հաջորդ բաղադրիչ՝ նա մատնանշել է ՀՀ զինված ուժերի բարեփոխումները ՝ ընդգծելով պրոֆեսիոնալ բանակին անցնելու անհրաժեշտությունը։
Փաշինյանի խոսքով ՝ 2020 թվականի դրությամբ միջին սպայական կազմի մեջ մեծ թվով թափուր տեղեր են եղել։ Նա ընդգծել է պատշաճ աշխատավարձի և սոցիալական երաշխիքների համակարգի ապահովման անհրաժեշտությունը:
«Մեր զինված ուժերում բարձր պաշտոններ զբաղեցնող գեներալներ կան, որոնք տուն չունեն, վարձով են ապրում։ Սա մեծ խնդիր է, ոնց հնարավոր է, որ 25-ամյա ծառայության արդյունքում գեներալը, գնդապետը տուն չունենա»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները նշանակված են հունիսի 20-ին։