Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը հայտարարել է, որ «Թալիբան» շարժման ներկայացուցիչները չեն կատարում այն խոստումները, որոնք տվել են իշխանության գալուց հետո:
«Նրանք ասում էին, որ որոշ օտարերկրացիներին և աֆղանցիներին թույլ կտան ազատ հեռանալ, խոսում էին ներառական և ներկայացուցչական կառավարության մասին, բայց նրանք ստում են», — ասել Է Լե Դրիանը France 5 հեռուստաալիքի եթերում:
Դիվանագետն ասել է. «Ֆրանսիան հրաժարվում է ճանաչել կամ որևէ հարաբերություն ունենալ այդ կառավարության հետ։ Մենք թալիբներից գործողություններ ենք ուզում»։
«Թալիբան» շարժման կողմից Քաբուլի գրավումից հետո Ֆրանսիան տարհանել է մոտ 3 հազար մարդու։ Փարիզը նաև տեխնիկական բանակցություններ է վարել թալիբների հետ՝ Աֆղանստանում մնացած ֆրանսիացիների և Ֆրանսիայի հետ կապեր ունեցող մի քանի հարյուր աֆղանցիների մեկնելու հարցերի շուրջ: Այդ խնդրի լուծման համար Լը Դրիանը սեպտեմբերի 12-ին մեկնում է Քաթար։