Մարտի 14-ին Ռուսաստանի Առաջին ալիքի լուրերի երեկոյան թողարկման ժամանակ հակապատերազմական պաստառով եթեր է ներխուժել մի կին։ Պաստառի վրա գրված է եղել՝ «Մի՛ հավատացեք քարոզչությանը։ Այստեղ ձեզ ստում են»։
Նախնական տեղեկություններով՝ ակցիան կազմակերպել է հեռուստաալիքի խմբագիր Մարինա Օվսյաննիկովան։ Հաղորդվում է, որ նրան արդեն ձերբակալել են: Եթեր դուրս գալուց առաջ նա տեսաուղերձ է հրապարակել։
«Այն, ինչ հիմա տեղի է ունենում Ուկրաինայում, հանցագործություն է։ Ռուսաստանը ագրեսոր երկիր է, և այդ ագրեսիայի համար պատասխանատվությունն ընկած է միայն մեկ մարդու վրա։ Այդ մարդը Վլադիմիր Պուտինն է»,- հայտարարել է Օվսյաննիկովան։
Հեռարձակումը չի ընդհատվել, կինը եթերում է եղել մի քանի վայրկյան. «Մենք լռեցինք 2014-ին, երբ այդ ամենը նոր էր սկսվում, մենք դուրս չեկանք հանրահավաքների, երբ Կրեմլը թունավորեց Նավալնիին, մենք ուղղակի լուռ հետևում էինք այդ հակամարդկային ռեժիմին։ Եվ հիմա ամբողջ աշխարհը մեզանից երես թեքեց։ Եվ մեր սերունդները, ևս տասը սերունդ չի հանդարտվի այդ եղբայրասպան պատերազմի խայտառակությունից»,- ասել է նա «Վրեմյա» հաղորդման եթերում։
РБК-ին Առաջին ալիքի մամուլի ծառայությունից հայտնել են, որ դեպքի առնչությամբ կատարվում է ծառայողական քննություն։