Ռուսաստանի դիրքորոշումը ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում միջադեպերի վերաբերյալ արտացոլված է ՌԴ ԱԳՆ մարտի 26-ի հայտարարության մեջ, որի համաձայն Մոսկվան կողմերին կոչ է անում անշեղորեն պահպանել 2020 թվականի նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունները: Այս մասին երեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը և ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ակտիվ գործողություններ են ձեռնարկում իրադրության ապաէսկալացման ուղղությամբ:
Խաղաղապահները գործում են երեք երկրների ղեկավարների վերոհիշյալ հայտարարության դրույթներին համապատասխան: «Ռուսաստանի ԱԳՆ գծով մենք մշտական կապի մեջ ենք Բաքվի և Երևանի ներկայացուցիչների հետ, և օպերատիվ իրադրության մասին ակտուալ տեղեկատվությունն ամեն օր հրապարակվում է ՌԴ Պաշտպանության նախարարության տեղեկագրերում», – նշել է Զախարովան:
Նա հավելել է, որ Մոսկվան շարունակում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը՝ հենվելով երեք երկրների ղեկավարների ունեցած պայմանավորվածությունների վրա, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասով:
«Մենք ակտիվորեն կաջակցենք նաև Երևանի և Բաքվի միջև խաղաղ պայմանագրի կնքմանը», – նշել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: