Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրեն Ջիհադ Ազուրին: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Յուլյա Ուստյուգովան։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև առկա է արդյունավետ համագործակցություն, և ՀՀ կառավարությունը հետաքրքրված է այդ համագործակցության զարգացմամբ:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը տարբեր ոլորտներում բարեփոխումների հավակնոտ օրակարգ ունի, և այդ գործընթացում միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԱՄՀ օժանդակությունը կարևոր նշանակություն ունի:
ԱՄՀ Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրենը բարձր է գնահատել ՀՀ կառավարության հետ համագործակցությունը և ընդգծել, որ Հայաստանը հուսալի գործընկեր է ԱՄՀ համար: Ջիհադ Ազուրն ընդգծել է, որ ԱՄՀ-ն պատրաստ է փոխշահավետ գործակցության շրջանակում աջակցել ՀՀ կառավարությանը՝ բարեփոխումները հաջողելու գործընթացում և երկրի տնտեսական առաջընթացին միտված ծրագրերում:
Անդրադառնալով ՀՀ տնտեսության առաջնահերթություններին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարության նպատակն արտահանմանը միտված և տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսության ձևավորումն է:
ՀՀ վարչապետը և ԱՄՀ Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրենը մտքեր են փոխանակել զարգացման երկարաժամկետ ռազմավարությունների տեսլականի շուրջ: