«Թեժ գիծ» հասկացողությունը վերացնում ենք, լինելու է քաղաքացիների աջակցման կենտրոն։ Այսօր Ազգային ժողովում մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:
Թեժ գիծ
Հրաչյա Սարգսյանը նշեց, որ քաղաքացիների սպասարկման մասով մարտ ամսվանից փոփոխություններ են տեղի ունենում, այդ թվում՝ աշխատակազմն է փոփոխվել: «Այս պահին փոփոխություններ ենք իրականացնում «Թեժ գծում», ընդհանրապես՝ «Թեժ գիծ» հասկացողությունը վերացնում ենք, լինելու է քաղաքացիների աջակցման կենտրոն: Քաղաքացին զանգում է ինչ-որ խնդրով, հեռախոսահամարը տալիս են ինչ-որ բաժնի, բայց մարդ կլինի այդ բաժնում, կպատասխանեն, թե ոչ՝ հարց է: Փոփոխության դեպքում, եթե նեղ հարց լինի, կոնկրետ աշխատակցի կփոխանցեն: «Թեժ գծում» խնդիր ունենք, պարզվել է, որ գծեր ունենք, որոնք չեն շահագործվում, երբ քաղաքացիները զանգում են, միշտ զբաղված է ցույց տալիս, նոր ենք դա բացահայտել»,- ասաց նա և խոստացավ, որ փոփոխությունները տեսանելի կլինեն մեկ ամսվա ընթացքում։
Լուսավորություն
Հրաչյա Սարգսյանը նշեց, որ ՄԱԿ-ի համագործության շրջանակներում բավական մեծ քանակությամբ լուսատուներ են փոխանակել: «Մենք ձեռք ենք բերում 100 միավորի լուսատու, վճարում ենք հիսունը, մնացած հիսունը վճարում ենք խնայողությունների հաշվին: Տրամաբանությունն այն է, որ Երևան քաղաքում բոլոր փողոցները լուսավորենք։ Աշտարակի խճուղու լուսավորությունը վատն էր, հենասյուների խնդիր կար»,- ասաց նա և նշեց, որ այդ խնդիրները լուծվել են և, ընդհանուր առմամբ, այդ ծախսը 270 միլիոն դրամի շրջանակներում է եղել:
Մանկապարտեզներ
Քաղաքապետն ասաց, որ 162 մանկապարտեզ ունենք, որոնցից 24-ը կապիտալ վերանորոգման փուլում են, այսինքն՝ 24 մանկապարտեզի երեխաներ այս պահին հնարավորություն չունեն հաճախելու հաստատություն: «Մինչև այս ամսվա վերջ 2,6 միլիարդի շրջանակներում Երևան համայնքում գումար կտրամադրվի հավելյալ մանկապարտեզներ և պոլիկլինիկաներ վերականգնելու համար և, նախնական հաշվարկով, հաջորդ տարի՝ մարտին, շուրջ 40 մանկապարտեզ է կապիտալ վերանորոգվելու»,- ասաց նա:
Հրաչյա Սարգտսյանը նշեց, որ չեն կարող այնպես անել, որ և՛ վերանորոգեն, և՛ երեխաները հաճախեն: «Երկրորդ խնդիրն այն է, որ կան տարածքներ, որտեղ մանկապարտեզները բացակայում են»,- ասաց նա և օրինակ բերեց, որ Արաբկիրում մանկապարտեզների թիվն ավելի քիչ է:
Քաղաքապետւ հավելեց՝ 2023 թվականի բյուջեով նախատեսված է, որ պատվիրակված լիազորությունների գումարը կկազմի 42 միլիարդ 316 միլիոն դրամ: