Արտակարգ իրավիճակների նախարարությունը ՀՀ վարչապետի հանձնարարականով կազմակերպել է դեպի երկրաշարժից տուժած Սիրիայի Արաբական Հանրապետություն մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակի տեղափոխումը՝ ավելի քան 32 տոննա քաշով: Այս մասին հայտնում է ԱԻՆ պաշտոնական կայքը։
Նշվում է, որ բեռը ներառել է սնունդ և դեղորայք: Այն Սիրիա է ուղարկվել Երևանի «Էրեբունի» օդանավակայանից:
«Տեղափոխումը Երևանից Հալեպ իրականացվել է «ԻԼ-76» մակնիշի ինքնաթիռով: Կազմակերպչական աշխատանքներին աջակցել է ՆԳՆ փրկարար ծառայությունը»,- ասված է հայտարարությունում:
ԱԳՆ լրատվական ծառայությունն էլ հայտնում է, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Դամասկոս: Օդանավակայանում նախարար Միրզոյանին դիմավորել է Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ ալ-Միկդադը: Միրզոյանը մեկնել է Սիրիա՝ մարդասիրական օգնության երրորդ խմբաքանակը հասցնելու նպատակով, սպասվում են նաև բարձրաստիճան հանդիպումներ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայում և Սիրիայում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Թուրքիայի հարավ-արևելքում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7,7 մագնիտուդ: Ավերածություններ են գրանցվել նաև Սիրիայի մի քանի շրջաններում, ցնցումներ են զգացվել նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ Զոհերի ու վիրավորների թիվն անընդհատ փոփոխվում է:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի առնչությամբ՝ հայտնելով, որ Հայաստանը պատրաստ է օգնել։ Հայաստանը հումանիտար օգնություններ է ուղարկել Թուրքիա և Սիրիա: