Սեպտեմբերի 1-ին սահմանին վիրավորված հայ զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում, ասել է Հայաստանի օմբուդսմեն Անահիտ Մանասյանը։
Պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են հոսպիտալում գտնվող զինվորականներին։ Այցի ընթացքում նրանք հոսպիտալի բուժանձնակազմի հետ քննարկել են զինծառայողների առողջական վիճակն ու բուժման հարցերը։ Ըստ բժիշկների՝ այս պահին զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում։
Զինծառայողներից մեկը ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչների հետ առանձնազրույցում պատմել է, որ վիրավորումը ստացել է գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկում, երբ վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերը սկսել են արձակել ինտենսիվ կրակոցներ՝ կիրառելով տարբեր տրամաչափի զինատեսակներ։
Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նոր փուլ է սկսվել սեպտեմբերի 1-ին, երբ, ըստ ՀՀ ՊՆ-ի, ժամը 7:50-ից Ադրբեջանի զինված ուժերն ինտենսիվ կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Սոթքում և Նորաբակում գտնվող հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը հայտնել էր ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրետակոծության հետևանքով 4 զոհի և մեկ վիրավորի մասին, Ադրբեջանը հայտնել է երեք վիրավորի մասին։ Ավելի ուշ ՀՀ ՊՆ-ն տեղեկացրել էր, որ զոհված համարվող զինծառայողի սրտի զարկը վերականգնվել է և հայտնել, որ հայկական կողմն ունի 3 զոհ։