48-ամյա տղամարդը, ով նախկինում դատապարտված է եղել թմրանյութերի ապօրինի իրացման համար, կրկին իրացման նպատակով՝ 2021 թվականի սկզբներին Իրանի քաղաքացուց ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով՝ 975,77 գրամը գերազանցող քանակով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, հայտնել է ՔԿ-ն։
Թմրանյութի մի մասը ինչպես անձամբ, այնպես էլ 26-ամյա որդու միջոցով պարբերաբար փոխանցել ու իրացրել է Երևանի մեկ այլ բնակչի ու իր սանիկին։ «Մեթամֆետամին»-ի մյուս մասը՝ ընդհանուր 11,96 գրամ քաշով, տղամարդը հետագա իրացման նպատակով առանձնացրել է 11 փաթեթներում ու պահել է իր տանը, մնացած 960,60 գրամը՝ թաքցրել Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի նկուղում։
Իրավապահները տանը ապօրինի պահվող թմրանյութն առգրավել են, իսկ նկուղում թաքցված նշված թմրամիջոցի մյուս մասը տղամարդն ինքնակամ հանձնել է վարույթն իրականացնող մարմնին։ Տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՔՕ 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը, պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև 8 տարի ժամկետով), իսկ նրա որդուն՝ 46-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրանյութերի ապօրինի շրջանառությանն օժանդակելու նպատակով այն փոխադրելը, առաքելը)։
48-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, որը հետագայում փոխարինվել է գրավով, իսկ նրա որդու նկատմամբ՝ բացակայելու արգելքը։