ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հայտարարել է ԱԺ-ում որպես անկախ պատգամավոր աշխատելու որոշման մասին։
Նոյեմբերի 30-ին «Հայաստան» խմբակցությունը հայտնել էր իր կազմից Նազարյանի դուրս գալու մասին։
«Հրապարակ» օրաթերթը նոյեմբերի 28-ին գրել էր, որ «Հայաստան» խմբակցությունը Նազարյանին կարող է խնդրել վայր դնել մանդատը ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանի օրինակով։
Նոյեմբերի 21-ին «Հրապարակ»-ը հայտնել էր, որ ՔՊ վարչության բոլոր ներկայացուցիչները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, միաձայն հաստատել էին Աղազարյանի՝ մանդատից հրաժարվելու անհրաժեշտությունը։ Ըստ աղբյուրի՝ պատգամավորը նշել էր, որ միայն այն ժամանակ վայր կդնի մանդատը, երբ ՔԿ նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանն ապացուցի հոկտեմբերի 15-ին ԱԺ-ում արած այն հայտարարությունը, թե ինքը միջնորդել է որդու համար։
Հոկտեմբերի 15-ին ԱԺ-ում Աղազարյանը ՔԿ ղեկավարին կոչ էր արել դադարեցնել կալանքը որպես բիզնեսի վրա ճնշում գործադրելու միջոց։ ՔԿ ղեկավարն, իր հերթին, պատգամավորին խնդրել էր մեկնաբանել, թե ինչո՞վ է պայմանավորված, որ առնվազն երկու անգամ իրեն դիմել են պատգամավորի տղայի հետ կապված քրեական գործով, ինչից հետո իրավիճակն ավելի էր թեժացել։
Հոկտեմբերի 23-ին Փաշինյանը հայտարարել էր, որ միջադեպերի հետ կապված «կան կարգապահական վարույթներ, և դրանց արդյունքներով կկայացվեն համապատասխան որոշումներ»։ Հոկտեմբերի 28-ին Աղազարյանի և Քյարամյանի միջև տեղի ունեցած միջադեպով քրեական վարույթ էր նախաձեռնվել։