Ըստ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի՝ այն, ինչ ադրբեջանական իշխանություններն անում են Արցախի նկատմամբ, մտածված քաղաքականություն է։
«1. Մարտի 8-ից դիտավորությամբ վնասել են գազատարը և խոչընդոտում են վերանորոգումը:
2. Գազից, ջեռուցումից ու տաք ջրից [մինչև -5 աստիճան ցրտի պայմաններում] մտադրված զրկել են 100,000-ից ավելի խաղաղ բնակիչների, հիվանդանոցներ, դպրոցներ, մանկապարեզներ, երեխաների ու տարեցների` առաջացնելով հումանիտար աղետ և մարդկանց իրավունքների զանգվածային խախտումներ:
3. Կրակում են Խրամորթ, Կարմիր Շուկա և մյուս գյուղերի վրա, թիրախավորում են մարդկանց ու նրանց տները, դպրոցներ: Ընդ որում, կրակում են ինչպես փոքր, այնպես էլ խոշոր տրամաչափի զինատեսակներով ու կրակում են թիրախային:
4. Արցախի գյուղերի հարևանությամբ կուտակել են ծանր ռազմական տեխնիկա, այդ թվում` տանկեր: Այդ ամենն անում են ցուցադրաբար:
5. Իրենց Զինված ուժերի տեղակայման դիրքերից բարձրախոսներով ուժի սպառնալիքով հայերենով ահաբեկում են խաղաղ բնակչությանը, որ լքեն իրենց հայրենի բնակավայրերը:
6. Այս ամենը ոչ թե իրարից կտրված արարքներ են, այլ միասնական քաղաքականության, մեկ միասնական շղթայի բաղկացուցիչ մասեր են. ատելության ու թշնամանքի քաղաքականություն, որ ունի էթնիկ ու կրոնական հիմքեր»,- իր Telegram-ալիքում թվարկել է Թաթոյանը։
Ըստ նախկին ՄԻՊ-ի՝ այս ամենը տիպիկ քրեորեն պաժելի միջազգային հանցավոր վարքագիծ է:
Նա նաև հայտնել է, որ այս ամենի վերաբերյալ իր հաղորդումներն են ուղարկվել միջազգային կառույցներին։
Ադրբեջանական ԶՈՒ-երը այս շաբաթվա ընթացքում Արցախի հետ շփման գծում բազմակի խախտել են հրադադարի ռեժիմը։ Դրանցից մեկի հետևանքոով Արցախում խաղաղ բնակիչ է տուժել։
Հիշեցնենք, որ «Արցախգազ» ՓԲԸ-ն մարտի 8-ին հայտնեց, որ Շուշի- Զառիֆլու բնակավայրերի տարածքում տեղի է ունեցել վթար, որի հետևանքով վնասվել է մայրուղային բարձր ճնշման գազատարը։ Ադրբեջանական իշխանությունները խոչընդոտում են ռուս խաղաղապահներին և Արցախի իրավասու մարմիններին այցելել վթարված վայր։