Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Մերլե Սպելերբերգը և ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Էրիկ Թինտրուպը հունիսի 26-ին այցելել են Ջերմուկում գտնվող Եվրոպական դիտորդական առաքելության օպերատիվ կենտրոն, հայտնում են Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության Twitter-յան միկրոբլոգում:
Եվրոպացի դիտորդներին ներկայացրել են իրավիճակը, որից հետո պատվիրակությունը միացել է Երասխում գտնող պարեկությանը, որպեսզի տեղում գնահատի իրավիճակը։
Հայաստանի ԱԱԾ սահմանապահ ծառայությունը հունիսի 15-ի առավոտյան հայտնել էր, որ հայկական ստորաբաժանումները կանխել են Հակարիի կամրջի ուղղությամբ ադրբեջանցի սահմանապահների փորձը՝ Հայաստանի տարածքում Ադրբեջանի դրոշը տեղադրելու նպատակով։ Ավելի ուշ համացանցում հայտնվել էր տեսանյութ, որում ադրբեջանցիները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ փորձում էին Ադրբեջանի դրոշը տեղադրել Հայաստանի տարածքում։
Նույն օրն ադրբեջանական ստորաբաժանումները, այդ թվում՝ ականանետային կրակոցներ էին արձակել Սյունիքի մարզի Տեղ գյուղի մոտակայքում գտնվող հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով Հայաստանի ԱԱԾ սահմանապահ է վիրավորվել։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր նաև Կապանի շրջանում ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի հարձակման մասին։