Փողոց անցնելը Շուռնուխում խնդիր է դառնում: Այս մասին այսօր հայտարարել է Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը՝ Facebook-ի իր էջում հրապարակելով մի տեսանյութ, որոտեղ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի, ինչպես նաև հայ սահմանապահների ու բնակիչների հետ մի շարք հարցեր են քննարկում՝ կապված անվտանգության կանոնները պահելու հետ:
«Այսօրվա ժողովի նպատակն այն է, որ ևս մեկ անգամ հասկանանք, թե ինչ է կատարվում: Առաջինն անվտանգությունը պահելն է: Աստված չանի՝ անասունը անցնի, հետևից գնացող չկա: Կդիմենք սահմանապահ տղաներին: Մենք, ամեն դեպքում, չենք հանձնվելու: Ամեն տեսակի փաստաթուղթ գտնելու ենք ու ապացուցենք, որ այս հողը մերն է»,-ասել է Հ. Արշակյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հակոբ Արշակյանը հայտնել էր, որ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի բնակիչներին ադրբեջանցիները մինչև հունվարի 5-ը ժամանակ են տվել: Նա նշել էր, որ ադրբեջանցիներն արդեն եկել և իրենց դիրքն են դրել:
Հիշեցնենք նաև, որ գյուղապետը հորդորել էր զենք վերցնել և գյուղը պաշտպանել: Ավելի վաղ Շուռնուխի բնակիչները փակել էին Գորիս- Կապան մայրուղին, քանի որ ադրբեջանցիներն իրենց ժամանակ էին տվել 1 օրում ազատել տները: Ադրբեջանցիները նշել էին, որ դեռևս 10-ն օր առաջ Հայաստանի իշխանությունները տեղեկացված են եղել այդ մասին, սակայն բնակիչները պնդում են, որ իրենց ոչ ոք ոչինչ չի հայտնել։ Նրանք փակել էին մայրուղին՝ պահանջելով իրենց հայտնել, թե 10-ն օր առաջ ո՞վ է տեղյակ եղել այդ մասին։
Նշենք նաև, որ Սյունիքի մարզում սահմանային կետերի տեղորոշման աշխատանքներ են կատարվում: