«Քարդաշյան ընտանիք» ռեալիթի-շոուի մասնակից և գործարար Քիմ Քարդաշյան-Ուեսթը դարձել է դոլարային միլիարդատեր սեփական կոսմետիկ բրենդի շնորհիվ: Այս մասին Lenta.ru-ի փոխանցմամբ՝ հայտնում է TMZ պորտալը։
Տեղեկատվության համաձայն՝ հայտնի աստղը KKW Beauty ապրանքանիշի 20 տոկոսը 200 մլն դոլարով վաճառել է ֆրանս-ամերիկյան կոսմետիկական հսկա Coty-ին: Այսպիսով, Coty-ն Քարդաշյան բրենդի ամբողջական արժեքը գնահատել է մեկ միլիարդ դոլար:
Լրագրողները հավելում են, որ Քարդաշյանը վաճառել է իր ընկերության միայն մեկ հինգերորդ մասը, ուստի նա մնում է բրենդի գլխավոր ղեկավարը և հետագայում կընտրի նրա ռազմավարությունը: Բացի այդ, նշվում է, որ աստղն ու նրա թիմը մի քանի ամսվա ընթացքում քննարկել են մանրամասները՝ նախքան Coty-ի հետ համաձայնագիր ստորագրելը:
Նշենք, որ KKW Beauty կոսմետիկ ապրանքանիշը հիմնադրվել է 2017 թվականի հունիսին։ Հայտնի է, որ վաճառքի առաջին օրը ապրանքանիշի եկամուտը կազմել է 14 միլիոն դոլար: