Վահան Տերյան՝ իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան, նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակական-քաղաքական գործիչ։
Ծնվել է 1885թ. հունվարի 28-ին Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։ Նախնիները 1830 թվականին Ջավախքում վերաբնակություն էին հաստատել Կարինի Կարճնկոց գյուղից: Տոհմագրությունը սկսվում է տեր Ղազարից, ում թոռը՝ Սուքիասը, ապագա բանաստեղծի հայրն էր։ 1897թ. Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ Բանաստեղծը սովորել է նաև Մոսկվայի պետական համալսարանում, որից կարճ ժամանակ հետո ձերբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։
1908թ. Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի՝ «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, իսկ 1915թ.՝ հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։
1912թ. հիմնադրում է «Պանթեոն» հրատարակչությունը և ծավալում գրահրատարակչական, թարգմանական լայն գործունեություն։
Տերյանը ակտիվորեն մասնակցել է բոլշևիկյան հեղափոխությանը և դրան հաջորդած քաղաքացիական պատերազմին։
Ստեղծագործական հսկայածավալ ժառանգություն թողած բանաստեղծի կրծքում բուն դրած մահաբեր հիվանդությունը՝ թոքախտը, խլում է 35-ամյա երիտասարդի կյանքը 1920թ. հունվարի 7-ին։
Վահան Տերյանը բացառիկ դեմք է 20-րդ դարի հայ պոեզիայի պատմության մեջ: Նա հեղաշրջել է գեղարվեստական մտածողությունը՝ բերելով նոր աշխարհայացք ու պատկերային համակարգ, նոր գրական լեզու, նոր արվեստ: