Կառավարության հոկտեմբերի 21-ի նիստում որոշվել է Գեղամա լեռնաշղթայի Կարմիր Կատար (Թառ) լեռը ներառել բնության հուշարձանների ցանկում, տեղեկացրել է Շրջակա միջավայրի նախարարությունը։
Նախագծի մշակման նպատակը Թառ կամ հանրության մոտ առավել հայտնի Կարմիր Կատար հրաբխի ներառումն է բնության հուշարձանների ցանկում, քանի որ հանդիսանալով մոնոգեն հրաբխականության յուրահատուկ արտահայտություն՝ այն ունի գիտաճանաչողական և ռեկրեացիոն մեծ նշանակություն։ Գտնվելով Գեղարքունիքի մարզի, Գեղամա լեռնաշղթայի կենտրոնական-ջրբաժանային հատվածում, Աժդահակ հրաբխից հարավ-արևմուտք՝ այն իրենից ներկայացնում է խարամալավային կոն’ 3530.0մ բացարձակ բարձրությամբ, իսկ գագաթային հատվածում ունի 300մ. տրամագծով խառնարան, որտեղ առկա է խառնարանային լիճ:
Հիմնականում կազմված է օքսիդացած խարամներից, պեմզաներից: Այն ունի նաև զբոսաշրջային մեծ նշանակություն և համարվում է բազմաթիվ լեռնագնացների ու էկոզբոսաշրջության սիրահարների սիրելի վայր։
Նախագծի ընդունմամբ հնարավորություն է ընձեռնվում ապահովել որպես բնության հատուկ պահպանվող տարածքի՝ բնության հուշարձանի պահպանությունը, պաշտպանությունն ու իրավական կարգավիճակը, արտաքին գեղագիտական և երկրաբանական անխաթար տեսքը և որպես երկրաբանական արժեքավոր տարածք։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Շրջակա միջավայրի նախարարությունը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում Կառավարության համապատասխան որոշման նախագիծ էր ներկայացրել, որով առաջարկվում էր Գեղամա լեռնաշղթայի Կարմիր Կատար (Թառ) լեռը ներառել բնության հուշարձանների ցանկում։