Ապրիլի 17-ին Մոսկվայի Հաղթանակի թանգարանում տեղի ունեցավ «Մարշալ Խուդյակովի երկու ճակատագիրը» վավերագրական ֆիլմի պրեմիերան։ Այս մասին Facebook-ում հայտնում են Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունից։
Ֆիլմը նվիրված է օդային մարշալ և ականավոր զորավար Սերգեյ Խուդյակովի (Արմենակ Խանփերյանց) ծննդյան 120-ամյակին։
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանը ներկա է գտնվել վավերագրական ֆիլմի պրեմիերային։
Ֆիլմը նկարահանվել է «Partner Film» կինոընկերության կողմից՝ «Ժառանգություն և առաջընթաց» հիմնադրամի հետ համագործակցությամբ։ Ֆիլմի ռեժիսորներն են Օլեգ Մասարիգինը և Վագա Վարդանյանը, պրոդյուսերները՝ Արթուր Սողոմոնյանը և Տիգրան Մանասյանը։
Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Խանփերյանց) խորհրդային ականավոր զորավար է, օդային մարշալ, խորհրդային ռազմաօդային ուժերի ստեղծողներից մեկը։ Ծնվել է 1902 թվականի հունվարի 7-ին Ղարաբաղում՝ Ելիզավետպոլի նահանգի Շուշիի շրջանի Մեծ Թաղլար գյուղում, Արտեմ և Գյուլյախանում Խանֆերյանցների ընտանիքում։
1944 թվականի օգոստոսին Խուդյակովը դարձավ Կարմիր բանակի ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակալ։ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով նրան շնորհվել է օդային մարշալի կոչում։ 1945 թվականի մարտին Գերագույն գլխավոր հրամանատարի հրամանով Խուդյակովը նշանակվել է Անդրբայկալյան ռազմաճակատի մաս կազմող 12-րդ օդային բանակի հրամանատար։
1945 թվականին Խուդյակովը վայրէջք կազմակերպեց Մանչուկուոյում, ձերբակալեց կայսր Պու Յին և գրավեց Մանջուրիայի ոսկու պաշարները։ Այնուամենայնիվ, այս պաշարների և այլ գավաթների տեղափոխման ժամանակ ոսկու հետ անհետացավ Մոսկվայի ճանապարհին գտնվող երկու ինքնաթիռներից մեկը:
1945 թվականի դեկտեմբերի 14-ին ձերբակալվել է Չիտայում եւ տեղափոխվել Մոսկվա, որտեղ նրան մեղադրանք է առաջադրվել «Հայրենիքի դավաճանություն» հոդվածով։ 1950 թվականի ապրիլի 18-ին Սերգեյ Խուդյակովը դատապարտվեց մահապատժի՝ գույքի բռնագրավմամբ, և նույն օրը գնդակահարվեց։ 1954 թվականի օգոստոսի 18-ին ԽՍՀՄ Գերագույն դատարանի զինվորական կոլեգիայի որոշմամբ վերականգնվել է։ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1965 թվականի հուլիսի 6-ի հրամանագրով Սերգեյ Խուդյակովը հետմահու վերականգնվել է օդային մարշալի զինվորական կոչումով և պարգևների իրավունքով։