Հայկական ծագումով ռուս շոումեն Միխայիլ Գալուստյանը որոշել է իրականացնել իր մոր՝ Սուսաննա Արդաշևնայի վաղեմի երազանքը, Armenia Today-ին ասել է արտիստի համերգային տնօրեն Թաբրիզ Շահիդին։ Նա հաստատել է Գոլուստյանի՝ հայկական անձնագիր ստանալու մասին լուրը՝ մանրամասնելով, որ «դրանք ասեկոսեներ չեն»։
«Հայաստանը պաշտող Գալուստյանը որոշել է մորը բնակարան նվիրել տնօրեն Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի հարևանությամբ»,- պարզաբանել է նա։ Գալուստյանը երազում է նաև բնակարան կամ տուն գնել Ղրիմում, որտեղ ծնվել է հայրը, հավելել է Շահիդին։
Տնօրենն ընդգծել է, որ Գալուստյանը մնում է ՌԴ հարկային ռեզիդենտ և քաղաքացի։ «Նա չի պատրաստվում Ռուսաստանից որևէ տեղ տեղափոխվել։ Նա սիրում է Ռուսաստանը, աջակցում է, եղել է, կա և կլինի Հայրենիքի հետ»,- հավելել է Շահիդին։ Նա նշել է, որ Գալուստյանը տասնյակ նախագծեր ունի Ռուսաստանում՝ նկարահանում է ֆիլմեր, հեռուստաշոուներ, գովազդային պարտավորություններ ունի։
Շահիդին նաև վստահեցրել է, որ արտիստը երկրորդ քաղաքացիության պատճառով որևէ խնդիր չի ունենա ռուսական օրենքների հետ։ «Ռուսաստանի իշխանությունների տեսանկյունից այն իրավիճակը, երբ անձը Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության հետ երկքաղաքացիություն ունի, լիովին օրինական է։ Հնարավոր է երկու անձնագիր ունենալ՝ Ռուսաստանի Սահմանադրության 62-րդ հոդվածի համաձայն»,- պարզաբանել է նա։
Գալուստյանն արձագանքել է իր՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու հետ կապված մտահոգությունների ալիքին։ Նա վստահեցրել է, որ չի պատրաստվում հեռանալ Ռուսաստանից։ «Ես հայ եմ և հպարտ եմ դրանով: Հայաստանն իմ պատմական և էթնիկ հայրենիքն է, որը, վստահ եմ, միշտ բարիդրացիական և բարեկամական հարաբերությունների մեջ է լինելու Ռուսաստանի հետ»,- գրել է նա։
Արտիստը ռուս երկրպագուներին հորդորել է շունչ քաշել՝ վստահեցնելով, որ սիրում է Ռուսաստանը և ոչ մի տեղ չի հեռանա։ «Ես այստեղ շատ ընկերներ ունեմ, աշխատանք, պայմանագրեր, երկրպագուներ: Ռուսաստանը իմ հայրենիքն է, վերջաբան»,- եզրափակել է հումորիստը։
Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար պետք է վերջին երեք տարիներին օրինական կերպով բնակվել հանրապետությունում, տիրապետել հայոց լեզվին և հանրապետության Սահմանադրությանը։ Ազգությամբ հայերը քաղաքացիություն են ստանում պարզեցված կարգով՝ առանց այդ պայմանների պարտադիր կատարման։ Լեզվի իմացության և Հայաստանում գտնվելու պահանջները չեն տարածվում ՀՀ քաղաքացիների հետ ամուսնացած անձանց վրա և նրանց համար, ում ծնողները եղել են Հայաստանի քաղաքացիներ մինչև 1995 թվականը։ Առանց հատուկ պահանջների Հայաստանի քաղաքացիություն կարող են ստանալ նաև Հայաստանին «բացառիկ ծառայություններ» մատուցած անձինք։
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մարտի 1-ին հայտարարել էր, որ ծանր քաշային կարգում Ասիայի WBA վարկածով չեմպիոն և EBP Եվրասիական չեմպիոն, ռուս բռնցքամարտիկ Մուրատ Գասիևը նույնպես Հայաստանի քաղաքացիություն է ստացել։ Ավելի ուշ՝ մարտի 20-ին, հայտնի էր դարձել, որ «Ուրարտուի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն և համանուն ակումբի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն հայկական անձնագրեր են ստացել։ Նույն օրը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել էր, որ Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը նույնպես Հայաստանի քաղաքացիություն է ստացել։
«Ակն ընդ ական»-ը Կինոակադեմիային հորդորել է «Օսկարի» ներկայացնել հայկական «1489» ֆիլմը
«Ակն ընդ ական» վավերագրողների միությունը ՀՀ կինոակադեմիային հորդորել է վերանայել «Օսկարի» ներկայացվող հայկական ֆիլմերի ընտրությունը և դիտարկել Շողակաթ Վարդանյանի «1489»...