Արցախցի երգիչ Լյոկան հրաժարվել է ելույթ ունենալ ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի (Snoop Dogg) կայանալիք համերգին, այդ մասին երգիչը հայտնել է իր Facebook-յան էջում։
«Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսելուց անմիջապես հետո որոշում եմ կայացրել հրաժարվել Snoop Dogg-ի համերգի ելույթից: Իմ ընտանիքը, բարեկամները, ընկերներն այս պահին գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Ի վիճակի չեմ ավելին ասելու»,-գրել է երգիչը՝ նշելով, որ հաջորդիվ մանրամասներ կլինեն։
Սեպտեմբերի 3-ին երգիչը հայտնել էր, որ Սնուփ Դոգի համերգի մեկնարկն իրեն է վստահված։
Օգոստոսի 11-ին Հայաստանի կառավարությունը 6 մլն դոլար էր հատկացրել «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծի շրջանակներում ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի (Snoop Dogg)-ի՝ Երևանում սեպտեմբերի 23-ին կայանալիք համերգի անցկացման համար:
Հուլիսի 29-ին հայտնել էինք, որ Սնուփ Դոգը սեպտեմբերի 23-ին համերգ կունենա Երևանի Հրազդան մարզադաշտում։ Այդ մասին Instagram-ի իր էջում տեղեկացրել էր ռեփերը։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտնել էր 27 զոհի և 200 վիրավորների մասին։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին: Պայմանավորվածության պայմաններն են՝ հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ամբողջությամբ զինաթափվում, հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։ Ըստ համաձայնության՝ սեպտեմբերի 21-ին հանդիպում է կազմակերպվելու Եվլախում։ Բաքուն ևս հաստատել է սեպտեմբերի 21-ին Եվլախում Ստեփանակերտի ներկայացուցիչների հետ հանդիպելու պայմանավորվածությունը։