Ֆրանսիայի Նիցցա քաղաքում այսօր՝ նոյեմբերի 26-ին, մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի մրցույթը։ Մրցույթի ուղիղ հեռարձակումը հասանելի է այստեղ։
Մրցույթը կսկսվի Իսպանիայի ներկայացուցչի ելույթով և կեզրափակվի Նիդեռլանդների պատվիրակի ելույթով։ Հայաստանի պատվիրակները ելույթ կունենան 8-րդը։
Հայաստանը ներկայացնում է «Yan Girls» խումբը «Do It My Way» երգով, որը Եվրատեսիլի յութուբյան պաշտոնական էջում ունի 800․000 հազարից ավելի դիտում։
«Yan Girls» խումբը ստեղծել են Նանեն, Նենսին, Կամիլան, Սյուզաննան և Աիդան հենց «Մանկական Եվրատեսիլին» մասնակցելու նպատակով: Ոգեշնչվելով K-pop-ի լեգենդար արտիստներից՝ երգչուհիներն իրենց երաժշտությանը նաև հայկական գույներ են հաղորդել:
Մրցութային երգի և երաժշտության հեղինակը Դավիթ Բադալյանն է, բառերինը՝ Մալենան և Վահրամ Պետրոսյանը, տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, խորեոգրաֆը՝ Վիկա Մարտիրոսյանը, հագուստի հեղինակը՝ Ֆաինա Հարությունյանը:
Հուլիսի 4-ին Հանրային հեռուստաընկերությունը հայտարարել էր «Մանկական Եվրատեսիլ 2023»-ի հայաստանյան ներկայացուցչի ընտրության մրցույթի մասին, որը հաղթել էր Yan Girls խումբը «Do It My Way» երգով։
Նոյեմբերի 19-ին Հայաստանի պատվիրակությունը մեկնել էր Նիցցա՝ մասնակցելու մրցույթին։