Հունվարի 20-ին՝ ժամը 20:00-ին, Կամերային երաժշտության ազգային կենտրոնում կհնչի իտալացի աշխարհահռչակ նեոդասական կոմպոզիտոր Լյուդովիկո Էյնաուդիի երաժշտությունը՝ վիրտուոզ դաշնակահար, կամերային երաժշտության նրբանկատ կատարման վարպետ, միջազգային մրցույթների հաղթող Տիգրան Բերկելյանի կատարմամբ։
Լյուդովիկո Էյնաուդին 2019 թվականի աշնանը ներկայացրել է «Seven Days Walking» յոթհատորյա երաժշտական նախագծի եզրափակիչ մասը։ Նա բնության, տրամադրության և եղանակի հիասքանչ էսքիզներ է արել Շվեյցարիայի ձյունածածկ լեռներով զբոսնելիս։
Լյուդովիկոյի Elements (2015) ալբոմն անհավանական կոմերցիոն հաջողություն է ունեցել․ այն վերջին 20 տարում UK Albums Chart-ում տեղ գտած միակ դասական ձայնագրությունն է: Էյնաուդիի սաունդթրեքերը նրան մեծ համբավ են բերել։ Ֆրանսիական «1+1» կատակերգությունը մեծամասամբ նրա կենսահաստատող երաժշտության շնորհիվ է արժանացել միլիոնավոր մարդկանց համակրանքին։