Waters Edge Wineries-ի հիմնադիրներ Քեն և Անժելա Լայնեբերգերը Forbes-ին պատմել են, թե ինչու են սկսել ԱՄՆ-ում հայկական գինին գովազդել: Ըստ նրանց՝ իրենց դրդել է հայկական գինեգործության առեղծվածն ու հարուստ պատմությունը։
«Մենք հույս ունենք օգնել վերականգնել հայկական գինու հարուստ պատմություն ունեցող տարածաշրջանը, որն արժանի է համաշխարհային ասպարեզում իր տեղին: Մինչ օրս մեր հաճախորդները սիրում են այդ գինիները և հետաքրքրված են դրանց պատմությամբ»,- հայտնել են նրանք:
Waters Edge Wineries-ն իր ձեռնարկություններում ներկայացրել է չորս հայկական գինի՝ «Արենիի» և «Սիրենիի» խառնուրդ, «Արենի Ռեզերվ» և «Ոսկեհատ»:
Հայկական գինիների առաջին խմբաքանակի համար ընկերությունը Storica Wines-ի հետ համատեղ ներմուծել է 16 000 շիշ։
«Waters Edge-ը մեկ շշի համար 40-60 դոլարի սահմանում տատանվող գինիների դեպքում իր հաճախորդներին հնարավորություն է տալիս փորձել ինչ-որ էկզոտիկ և տարբերվող բան՝ հարուստ պատմությամբ»,- ասել է հեղինակ Հադսոն Լինդենբերգերը:
Ընկերությունն ամերիկացի սպառողին արտասահմանյան գինիներին ծանոթացնել սկսել է իտալական Տոսկանայի ըմպելիքներից:
Ընկերության հիմնադիրները ձեռնարկությունը տեղափոխելով քաղաքային թաղամասերի կենտրոն՝ փորձել են գինին դարձնել այնքան մատչելի, որքան արհեստական գարեջուրը:
«Նրանք բերել են գինիների հավաքածուներ փոքր, ընտանեկան սեփականություն հանդիսացող ամբողջ աշխարհի արտադրողներից, ինչպես հայտնի շրջաններից, այնպես էլ հեռավոր վայրերում գտնվողներից»,- գրել է Forbes-ը:
Հունվարին Forbes-ը Հայաստանը ներառել էր աշխարհի 7 ուշագրավ գինեգործական շրջանների մեջ։
2024 թվականին Հայաստանը կհյուրընկալի UNWTO համաշխարհային գինու զբոսաշրջության ութերորդ ֆորումը։ Նախկինում Forbes-ը նշել էր հինգ հայկական բուտիկ գինեգործարաններ, որոնք խորհուրդ է տալիս այցելել՝ ելնելով նրանց գինիների յուրահատկությունից, համից և խառնուրդից, խմորման և հնեցման եղանակներից և միայն մեկ կումով գինեգործության պատմությունը պատմելու կարողությունից: Simpe wine news-ը խոսել էր նաև հայկական գինիների ակնառու օրինակների մասին։