Հուլիսի 19-ից գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին, ինչպես նաև վերամշակող՝ պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվողներին վաճառվող բնական գազի գինը 212-ից դարձել է 224 դոլար։
Ջերմոցային տնտեսությամբ զբաղվողները պնդում են, որ գազի սակագնի բարձրացումը բերելու է գնաճ։
Արարատի մարզի Սայաթ-Նովա համայնքի բնակչուհի, ֆերմեր Արմինե Գևորգյանը Armenia Today-ի հետ զրույցում ասաց, որ խոշոր սպառողների համար գազի սակագնի բարձրացումից տուժել են նաև սպառողները, քանի որ ջերմոցում աճեցվող բանջարեղենն իրենց ստիպված են լինելու բարձր գնով վաճառել։
«Գնաճն անխուսափելի է լինելու՝ կախված նրանից, թե ձմռանն ինչ աստիճանի է ցուրտ գրանցվում: Բերքի ինքնարժեքի մեջ 50-70 տոկոսը գազի գինն է: Իսկ դա շատ մեծ թիվ է: Գյուղմթերքը թանկանալու է, բայց պետք է նշել, որ գազի սակագնի բարձրացումը շղթայական գնաճ է բերելու: Գնաճ արձանագրվելու է նաև տնտեսության մյուս ճյուղերում»,-ասաց ֆերմերը։
Այսօր Հայաստանում գործող ջերմատների ճնշող մեծամասնությունը գազով է ջեռուցվում: Ցածր և անտոկոս վարկերով գայթակղված՝ շատերն այս տարի սկսել են ջերմատնային բիզնեսով զբաղվել: Ջերմոց են սարքել ու հիմա՝ գազի սակագնի բարձրացման լուրը լսելուց հետո, փաստի առաջ են կանգնել:
«Ջերմատներն ինչքանով են կարողանալու սպառած գազի գումարները վճարել այն դեպքում, երբ ունենք նաև ապրանքի նորմալ ռեալիզացման խնդիր: Այսօր լոլիկի մեկ կիլոգրամի արժեքը 300 դրամ է, գազի գինն էլ 25 տոկոսով ավելանում է: Հաշվեք, թե ինչքան ապրանքը թանկացավ: Այստեղ հարց է առաջանում, թե սպառողը որքան գնողունակ է: Այսօր արդեն ժողովուրդը խնդրի առաջ է կանգնել՝ շատերը վիրուսի պատճառով գործազուրկ են դարձել: Աստիճանաբար գնում ենք սնանկացման»,- փոխանցեց մեր զրուցակիցը։
Ֆերմերներն արդեն թանկացումների ալիքի են բախվել՝ թունաքիմիկատների գներն են բարձրացել։ Կորոնավիրուսի պատճառով ապրանքների ներկրումներն են դժվարացել, որը թունաքիմիկատների և գյուղատնտեսական այլ ապրանքների թանկացման պատճառ է դարձել։ Ֆերմերի խոսքով՝ պետությունը խրախուսում է ջերմոցային տնտեսությունների զարգացումը, բայց այսօր իրացման լուրջ խնդիր կա։
«Ջերմոցները շատացել են, բայց չգիտենք՝ արտահանում կլինի՞, թե՝ ոչ։ Միայն ներքին շուկայում մեր ապրանքը վաճառելով՝ չենք կարող իրացման հարց լուծել։ Մեծ թվով ջերոցմներ են հիմնվել, արտադրության ցուցանիշները բարձր են»,- նկատեց նա։
Թեև կորոնավիրուսով պայմանավորված բերքի արտահանման ապագան անորոշ է, բայց Գևորգյանը նշում է, որ գազի բարձր սակագնի պատճառով հայկական ապրանքը մրցունակ չի լինելու ո՛չ դրսի շուկայում, և ո՛չ էլ ներսում:
«Արտահանման դեպքում չենք կարող մրցունակ լինել, որովհետև մեր արտադրանքի ինքնարժեքը բարձր է: Օրինակ՝ ռուսական շուկայում Թուրքիայից գյուղմթերք են բերում, որն աճեցվում է առանց էներգակիրների ծախսի: Մենք այս դեպքում գնային առումով չեն կարող մրցակցել»,- հավելեց արտադրողը:
Ջերմոցատերերն անհանգստանում են, որ գազի սակագնի բարձրացումը կանաչ լույս է վառելու ներկրողների համար: Հենց տեղական շուկայում ջերմատներում աճեցված գյուղմթերքը թանկացավ, ներկրումներ կանեն: Նկատում է՝ հիմնական տուժողը փոքր և միջին բիզնեսն է լինելու: Տեղական խոշոր արտադրողը կկարողանա աշխատել՝ հարվածելով փոքրերին: Ֆերմերները կառավարության ուշադրությունն են հրավիրում իրենց խնդիրների վրա՝ պահանջելով, որ գյուղատնտեսության ոլորտին առանձնակի վերաբերմունք ցույց տան:
Հիշեցնենք. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ՝ հուլիսի 19-ից գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին, ինչպես նաև վերամշակող՝ պահածոների, խմիչքների և կաթնամթերքի արտադրությամբ զբաղվողներին վաճառվող բնական գազի գինը 212 դոլարից կդառնա 224 դոլար։ Ամսական 10 000 խմ գերազանցող սպառողների համար ևս թանկացում կլինի. հուլիսի 19-ից կսահմանվի 255 դոլար՝ ներկայիս 242․1 դոլարի փոխարեն: Իսկ սպառողների համար գազի սակագինը մնացել է անփոփոխ։