Լեռնային Ղարաբաղում տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնումը կծառայի Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Վրաստանի համար միջազգային տարանցման զարգացմանը: Նման կարծիք է հայտնել ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիևը “Российская газета“- ին տված իր մեկնաբանության մեջ։
Նա նշել է, որ տարածաշրջանում զինված հակամարտության թեժ փուլի դադարեցումը նոր հնարավորություններ է բացել Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների միջև խաղաղ կյանքի, բարիդրացիության և փոխշահավետ համագործակցության ապահովման համար: «Եվ նման մոտեցումն արդեն տեսանելի է», – ընդգծել է Նուրգալիևը՝ հիշեցնելով Լեռնային Ղարաբաղում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասին որոշումը:
«Որպես առաջնահերթություն սահմանվել է երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնումը՝ Հայաստանի և Ադրբեջանի շահերից բխող փոխադրումների ապահովման համար։ Այդ հաղորդակցություններից միջազգային տարանցման զարգացման նպատակով կարող են օգտվել նաև հարևան երկրները՝ Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, Վրաստանը», – ասել է Նուրգալիևը։
Նա ընդգծել է, որ դրա հիման վրա «հիմնարար նախադրյալներ են ստեղծվում Ղարաբաղում երկարատև հակամարտության համապարփակ լուծման համար»: «Մնում է բոլորին միասին իրականացնել դրանք», – ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը:
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։
Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվեց եռակողմ հայտարարություն, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։