Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ գյուղատնտեսական տարվա 2020թ. արձանագրված արդյունքների և 2021թ. նախատեսված ծրագրերի վերաբերյալ:
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը զեկուցել է, որ համաձայն Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2020թ. գյուղատնտեսության ոլորտում համախառն ներքին արդյունքի 1.4 տոկոս աճ է գրանցվել:
Պետական օժանդակության ծրագրերի շարքում՝ 2020թ. մեծ թափ է ստացել լիզինգի ծրագիրը:
Անդրադառնալով մթերման գործընթացին՝ փոխնախարարը նշել է, որ 2020թ. մթերվել է 98000 տ պտուղ-բանջարեղեն, որը 11000 տ ավելի է նախորդ տարվանից: Տեղական գինիների արտահանումը խթանելու նպատակով նախատեսվում է 2021թ. Բեռլինում ստեղծել հավաքական բեռների պահեստ և օնլայն հարթակ, որոնց միջոցով հայկական գինիները հասանելի կլինեն ողջ Եվրոպայում։ Աշխատանքներն ընթացքի մեջ են: Օրենսդրական բարեփոխումներ են կատարվել կոնյակագործության ոլորտում: Ներկայում բանակցություններ են ընթանում ռուսաստանյան 3 սուպերմարկետների ցանցի ղեկավարության հետ՝ Հայաստանում ներկայացուցչություն, լոգիստիկ կենտրոն բացելու և դրա միջոցով տեղական արտադրանքի ուղիղ արտահանումն այդ սուպերմարկետներ կազմակերպելու նպատակով:
Ինչ վերաբերում է պետության կողմից սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկերին, ապա 2020թ., 2019թ. համեմատ, վարկերի քանակը աճել է ավելի քան 4 անգամ, վարկային պորտֆելի ծավալը՝ գրեթե 2 անգամ:
Փոխնախարարը նշել է, որ 2021թ. համար նախատեսվում է գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շարունակականություն: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ռազմավարական նշանակության որևէ ծրագիր պետական աջակցության շրջանակից չպետք է դուրս մնա:
Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է ջրօգտագործման ոլորտում ընթացիկ իրավիճակից: Վարչապետը հանձնարարել է ուսումնասիրել ջրօգտագործման գործընթացի պլանավորման ճշգրտությունը բարձրացնելու, ջրի կորուստները նվազագույնի հասցնելու, ՋՕԸ-երի կուտակած պարտքերի մարման գործընթացի համակարգային լուծման տարբերակներ և ներկայացնել քննարկման: