Երկու օր է՝ շրջանառվում է տեղեկություն, որ ՌԴ կառավարությունը պատրաստվում է ԵԱՏՄ երկրներում արտադրված ալկոհոլային խմիչքներ ներմուծողներից բանկային երաշխիքներ պահանջել։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանը՝ հարցնելով ՀՀ-ի առջև առաջացող խնդիրների մասին ՀՀ կառավարության տեղեկացվածության մասին։
Հարցին ի պատասխան՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ դա նոր թեմա է, օրակարգում ներառված չի եղել նման թեմա։ Եթե երաշխիքային պահանջ ներկայացվի, ապա դա կլինի խոչընդոտ ԵԱՏՄ շուկայում։ Գրիգորյանը հստակեցրեց, որ խոսքը ոչ թե տերմինաբանական, այլ իրավական խոչընդոտի մասին է։
«Դա ակնհայտ պրոֆերենցիա է ռուսական շուկայի համար։ Կարծում եմ, որ նման բան չպետք է տեղի ունենա։ ՌԴ ֆինանսների նախարարությունը պարբերաբար նման առաջարկներով հանդես գալիս է, բայց դա դոգմատիկ չէ»,- ասաց Մհեր Գրիգորյանը՝ նշեով, որ անգամ ֆիսկալ կարգավորումների ցանկությամբ դա հնարավոր չի լինի իր կարծիքով անել, քանի որ ակնհայտ հակասություն կա։