Հոկտեմբերի 14-ին կայացած կառավարության նիստի ժամանակ ընդունվեց աշնանային սերմնացանը սուբսիդավորելու որոշում: Ծրագրով նախատեսվում է որակյալ սերմերի գնման համար հատկացնել 329 միլիոն դրամ:
Ինչպես քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ գյուղացին երբեմն գնում է անհայտ որակի սերմ, իսկ ավելի հաճախ օգտագործում է նախորդ տարվանից մնացած հատիկը՝ որպես սերմացու: Դա զգալի իջեցնում է բերքատվության որակը:
«Եթե դուք 70 դրամ եք տալիս սովորական ցորեն առնելուն ու այն որպես սերմ օգտագործում, մենք ձեր այդ գումարին լրացուցիչ ավելացնելու ենք այնքան, որ կարողանաք լիցենզավորված սերմ գնել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Այսպիսով՝ սուբսիդավորվելու է 1 կգ ցորենի համար սահմանված նվազագույն շահավետ գնի 70 դրամը:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով` ծրագիրը մեկնարկել է անցյալ տարի, երբ 15 հազար հեկտար հողից ստացվել է 420 տոննա ձմեռային ցորեն:
Ընթացիկ տարվա համար դեռևս տվյալներ չկան, բայց, ըստ փորձագետների գնահատականների, այն հաջողված է՝ չնայած ոռոգման ջրի սակավությանը: