Էլեկտրաէներգիայի սակագնի սպասվող բարձրացումը Հայաստանի էներգետիկ համակարգի ճգնաժամի հետևանք է։ Այս մասին Armenia Today-ին ասել է քաղաքական գիտությունների դոկտոր, Հայ-ռուսական համալսարանի պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության ինստիտուտի նախագահ Վահե Դավթյանը՝ մեկնաբանելով էլեկտրաէներգիայի նոր սակագների շուրջ քննարկումները։
«Իհարկե, ֆորմալ առումով համակարգը շարունակում է գործել, նոր հզորություններ են կառուցվում, արդիականացվում են հները, սակայն անվտանգության տեսանկյունից մենք անխուսափելիորեն բախվում ենք ճգնաժամային միտումների։ Եվ այդ իմաստով այն, ինչ իշխանությունները ներկայացնում են որպես սակագնի բարձրացման պատճառ, իրականում համակարգային ճգնաժամի հետևանք է։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ՀԷՑ-ն առանձնացնում են երկու հիմնական պատճառ՝ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շահագործման խնդիրը և Հայկական ԱԷԿ-ի արդիականացման համար ներգրավված վարկի վճարումների իրականացումը: Առաջին հայացքից ամեն ինչ ավելի քան օբյեկտիվ է թվում, սակայն հարցի ավելի խոր քննարկման դեպքում մենք տեսնում ենք, որ դա այնքան էլ այդպես չէ»,- նշել է փորձագետը։
Նա նախ նշեց, որ «Հրազդան-5» էներգաբլոկի շահագործման խնդիրները պայմանավորված են արտաքին շուկաների՝ մասնավորապես դեպի Իրան արտահանման ռազմավարության ձախողմամբ։ Նրա խոսքով՝ լինելով երկրի խոշորագույն արտադրող օբյեկտներից մեկը, «Հրազդան-5»-ն ի սկզբանե ուղղված էր արտահանման ակտիվացմանը։ Հենց այդ հիմքով էլ կառուցվում էր դրա շահագործման ողջ բիզնես մոդելը, որը մասնավորապես անմիջականորեն կապվում էր Իրան-Հայաստան բարձրավոլտ 3-րդ օդային էլեկտրահաղորդման գծի շինարարության հետ՝ «Հյուսիս-Հարավ» (Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան) էլեկտրաէներգետիկ միջանցքի շրջանակներում։
«Էլեկտրահաղորդման գիծը պետք է շահագործման հանձնվեր դեռ 2019 թվականին, սակայն նախագիծը դեռ կաթվածահար վիճակում է և պատրաստ չէ անգամ կիսով չափ։ Զուգահեռ մենք հետևում ենք Թեհրանի և Բաքվի միջև էներգետիկ երկխոսության ակտիվացմանը՝ Իրան-Ադրբեջան-Ռուսաստան լոգիստիկայի էլեկտրաէներգետիկական համակարգերը սինխրոնիզացնելու որոշման համատեքստում։ Ինչ վերաբերում է ներքին տնտեսական էֆեկտին, ապա, ըստ 2013–ի գազային համաձայնագրերի, բլոկի սեփականատիրոջ՝ «Գազպրոմ Արմենիայի» ներքին եկամտաբերության նորմը պետք է լինի 9 տոկոս։ Այդ ցուցանիշը պետք է ապահովել նաև «Հրազդան-5»-ի մասով։ Դա լուրջ բեռ է ստեղծում համակարգի համար, ինչն անխուսափելիորեն ազդում է նաև սակագների վրա։ Ընդհանուր առմամբ, ստեղծված իրավիճակի արդյունքում բլոկի մասով սեփականատերը մինչև 100 մլն դոլարի պարտք է կուտակել և հայտարարում է գազի տուրբինի վերանորոգման համար 16 մլն եվրո ներդնելու անհրաժեշտության մասին»,- ասել է Վահե Դավթյանը։
Ինչ վերաբերում է ատոմակայանին, ապա, Դավթյանի խոսքով, վարկի դիմաց վճարումներն իսկապես լրացուցիչ սակագնային բեռ են ձևավորում, սակայն խնդիրը կրկին վերանորոգման աշխատանքների ժամանակացույցից լրջորեն հետ մնալու մեջ է։
«2021-ի սկզբից Երևանը սկսեց վարկի վճարումները, մինչդեռ ատոմակայանը ցանցին միացավ միայն հոկտեմբերի կեսերին։ Ստացվում է, որ այն պայմաններում, երբ ատոմակայանը ոչ մի կիլովատտ չհանձնեց ցանցին, հայկական կողմը սկսեց վճարումները։ Ընդհանուր առմամբ, սակագների բարձրացումն անխուսափելիորեն կանդրադառնա երկրի սոցիալ-տնտեսական անվտանգության մակարդակի վրա՝ առաջին հերթին արտացոլվելով սպառողական գների աճի վրա, որն առանց այն էլ հունվար-հոկտեմբեր ամիսներին աճել է 6,9 տոկոսով։ Նշվածն իր հերթին ընթացիկ տարվա փետրվարին էլեկտրաէներգիայի սակագնի՝ 3 դրամով բարձրացման հետևանք էր»,- եզրափակեց փորձագետը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ դեկտեմբերի 23-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում (ՀԾԿՀ) տեղի կունենա էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման վերաբերյալ աշխատանքային քննարկում: ՀԾԿՀ-ն կքննարկի հիմնական սակագինը 5,5 դրամով բարձրացնելու հարցը։
Էլեկտրաէներգետիկական համակարգում բացասական ֆինանսական հաշվեկշռի հիմնական պատճառն էներգաարտադրող և էներգաբաշխիչ ընկերությունների բարձր պարտքային բեռն է: