ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը կառավարության դեկտեմբերի 30-ի նիստի ժամանակ հնչեցրեց ՀՀ պետբյուջեի եկամտային մասի տվյալները։ Նա հայտնեց, որ 2021 թվականի պետական բյուջեի տարեկան եկամտային մասը գերակատարված է 146 միլիարդ դրամով։ Այսինքն՝ եկամտային հատվածը կատարվել է 1 տրիլիոն 586 միլիարդով։
«Վերադարձի ցուցանիշներն են զգալի ռեկորդային այս տարվա համար։ Մենք վերադարձրել ենք 182 միլիարդ հարկ վճարողներին, հիմնականում ավելացված արժեքի հարկի գծով։ Այսօր նախատեսում ենք վերադարձնել ևս 3 միլիարդ, այսինքն՝ տարվա ցուցանիշը կլինի շուրջ 185 միլիարդ դրամ»,- ասաց Բադասյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ասաց, որ նախորդ տարի հաջորդ տարվա համար բյուջեի քննարկման ժամանակ եկամուտների նշաձող է դրվում։
«Երբ այդ գումարները գերակատարում ենք, նշաձողն աստիճանաբար բարձրացնում ենք, որպեսզի կարողանանք ծախսեր կատարել բյուջեով»,- ասաց վարչապետն ու հավելեց, որ դա է տեղիք տալիս մամուլում հրապարակումներին, թե ոչ մի գերակատարում էլ չկա։