«ՌԻԱ Նովոստի» մամուլի կենտրոնում տեղի է ունենում առցանց համաժողով՝ նվիրված Եվրասիական տնտեսական միության երկրների հանրային պալատի ձևավորմանը։
Քննարկմանը մասնակցում են Հանրային պալատի ստեղծման նախաձեռնող խմբի ղեկավար Գայանա Հարությունյանը, Մոլդովայի Հանրային խորհրդի նախագահ, Եվրասիական տնտեսական միության Հանրային պալատի ստեղծման նախաձեռնող խմբի ղեկավարի տեղակալ Վյաչեսլավ Պերժուն, Իրավաբանական անձանց ասոցիացիայի գործադիր տնօրեն Բոլոտ Դյուշալիևը։
Պալատի գործարկման վերաբերյալ մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ նախկին ԽՍՀՄ երկրներում ավելի ու ավելի է բարձրացվում ինտեգրացիոն գործընթացների՝ որպես պաշտպանության միջոցի ամրապնդման անհրաժեշտության հարցը։ Խոսքը տեխնածին աղետների, համաճարակների տարածման, բնապահպանական ու տնտեսական ճգնաժամերի, ինչպես նաև ռազմական հակամարտությունների, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սպառնալիքների մասին է։
Այս իրավիճակը կարգավորելու նպատակով մի շարք երկրների հասարակական-քաղաքական գործիչների նախաձեռնությամբ մեկնարկել է նոր հասարակական կառույցի՝ «Եվրասիական տնտեսական միության հանրային պալատի» ձևավորման գործընթացը։
Հաղորդվում է, որ պալատի աշխատանքային ծրագրերը ներառում են նախագծեր սոցիալական զարգացման տարբեր ոլորտներում, իսկ կազմակերպության հիմնական նպատակն է հանրային դիվանագիտության միջոցով ապահովել երկրների միջև խաղաղության և ներդաշնակության պահպանումը, հասարակական կապերի ամրապնդումը, փոխանակումը, փորձը, այլատյացության, ազգային և կրոնական ատելության դեմ պայքարը։