ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը երկարաձգում է երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի լիցենզավորման գործընթացը ևս վեց ամիս ժամկետով։ Այս մասին որոշում ընդունվեց կառավարության այսօրվա՝ հունիսի 9-ի նիստի ժամանակ։
Որոշումը նպատակ ունի շարունակական դարձնել պետության կողմից տեղական արտադրությունների զարգացումը խթանող միջոցառումները՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը երկարաձգել երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի լիցենզավորման գործընթացը ևս վեց ամսիս ժամկետով։
Հայաստանի կառավարության 2022 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետություն ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և լիցենզիայի ձևը սահմանելու մասին» N 40-Ն որոշմամբ ժամանակավոր սահմանափակումներ են կիրառվել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2523 ապրանքային դիրքի ծածկագրերին դասվող ցեմենտի և կլինկերի ներմուծման վրա, մասնավորապես՝ «Բացթողնում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծումն իրականացվում է լիցենզիաների հիման վրա։
Իրականացված քայլերի արդյունքում տեղական ցեմենտ արտադրողների համար բարենպաստ պայմաններ է ստեղծվել ներքին շուկայում երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի հետ մրցակցելու համար։ Մասնավորապես՝ միայն ս.թ. հունվարին Հայաստանում արտադրվել է 68.7 հազ. տոննա ցեմենտ, ինչը 2 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտադրվածին:
Ըստ որոշման նախագծի՝ ներկայացվող տարբերակը նույնաբովանդակ է ու կրկնում է 13.01.2022թ. N 40-Ն որոշումը և ընդամենը նախատեսում է գործող որոշման ժամկետի փոփոխություն՝ 2022 թվականի հուլիսի 15-ից մինչև 2023 թվականի հունվարի 15-ը։
Նշված տարբերակը ամբողջությամբ համապատասխանում է «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 7-րդ հավելվածի 54-րդ կետի դրույթներով սահմանված պահանջներին։