Սահմանին այդքան մոտիկ կանադա-ամերիկյան և նաև անգլիական ներդրումներով ընկերության առկայությունը թույլ չի տալու, որ այդ համայնքներից մարդիկ հեռանան, քանի որ ունենալու են բարձր եկամուտներ։ Այս մասին «Հանրային» հ/ը եթերում հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Ըստ Քերոբյանի՝ «Լիդիանի» շնորհիվ կձևավորվի նաև հարակից համայնքների ամբողջ էկոհամակարգը, որը պետք է թույլ տա, որ այդ համայնքներում տնտեսական աշխուժությունը լինի բարձր մակարդակի վրա։
«Այսօր մենք քննարկում ենք անգամ Վայք համայնքում բարձրահարկ շենքերի շինարարական նախագծեր, որը նաև «Լիդիանի» հետ է կապված»,-հայտարարել է Քերոբյանը։
Ըստ նախարարի՝ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հետ կապված մի շարք խոշոր տնտեսվարողներ դիտարկում են խոշոր ներդրումների հնարավորությունները տարածաշրջանում։
Անդրադառնալով բնապահպանական ռիսկերին՝ Քերոբյանը հայտնել է, որ հանքն աշխատում էր դեռևս 2018-ից։ «Հայաստանը ստանձնել է միջազգային պարտավորություններ և դրանց չկատարումը վնասել է մեր ներդրումային գրավչությունը», – նշել է Քերոբյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը փետրվարի 22-ին փոխըմբռնման հուշագիր է ստորագրել «Լիդիան Արմենիա» ընկերության և Եվրասիական զարգացման բանկի հետ:
Ինչպես հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, «Լիդիան Արմենիան» նույնպես անհատույց պետությանը է փոխանցել իր բաժնետոմսերի 12,5 տոկոսը։ Նախարարը հավելեց նաև, որ հանքավայրից դուրս ևս 100 մլն դոլար է ներդրվելու՝ «Լիդիան-Ամուլսար» հանքավայրի վերագործարկման ուղղությամբ։