Իրան-Պակիստան սահմանին իրավիճակի վատթարացման պատճառով Իրանի նավահանգիստներով Հնդկաստան առևտրային մուտք ունենալու Հայաստանի հույսերը կարող են վաղաժամ լինել, հաղորդել է Ջեյմսթաուն հետազոտական հիմնադրամը:
«Անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնումը Ռուսաստանից ավելի վստահելի գործընկերների հետ մեկ բան է, ամբողջովին այլ հարց է հաջողության հասնել եվրասիական ավելի ու ավելի անհանգիստ տնտեսական միջավայրում»,- գրել է հիմնադրամը՝ հիշեցնելով հունվարի 16-ին Պակիստանի Բելուջիստանի վրա Իրանի հրթիռային հարձակումը, որին Իսլամաբադը պատասխանել է հունվարի 18-ին Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգներին մի շարք հարվածներով:
Եվրասիական արտաքին գործերի և պաշտպանական քաղաքականության փորձագետ Ջոն Դալիի կարծիքով՝ Հայաստանի ինտեգրումը Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք համաշխարհային առևտրային մոդելներին իր հետ բերում է մի շարք հնարավորություններ և մարտահրավերներ: Միևնույն ժամանակ, Հնդկաստանի ԱԳՆ-ի աղբյուրները «Firstpost»-ին հունվարի սկզբին հայտնեցին, որ Հայաստանը շահագրգռված է պաշտպանական նոր պայմանագրեր կնքել Նյու Դելիի հետ հնդկական անօդաչու թռչող սարքերի և հակաօդային սարքերի, ինչպես նաև զինամթերքի և միջին հեռահարության հրթիռների համար:
Հայաստանն ու Իրանը պայմանավորվել էին համագործակցության հուշագիր ստորագրել, որը հայկական կողմին թույլ կտա օգտվել իրանական նավահանգիստներից։ 2023 թվականի նոյեմբերին Հայաստանը խնդրել էր մուտք գործել Իրանի հարավ-արևելքում գտնվող Չաբահար նավահանգիստ՝ Հնդկաստանի և ասիական այլ երկրների հետ տնտեսական համագործակցությունը խորացնելու նպատակով։ Մայիսի 19-ին Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Զոհուրին Armenia Today-ին տված հարցազրույցում ողջունել էր Չաբահար նավահանգստում սեփական ներկայացուցչություն ունենալու Երևանի որոշումը։