Արտոնյալ վարկերի տրամադրման համար շահառուները աջակցություն ստանալու դիմումը պետք է ներկայացնեն առցանց։ Այս մասին այսօր՝ ապրիլի 1-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը
Մարգարյանը նշեց, որ թեժ գիծը գործելու է ներդրումների աջակցման կենտրոնի ներքո, որի վեբ կայքի հասցեն է http://isc.am/ և թեժ գծի հեռախոսահամարները գործում են աշխատանքային օրերին՝ 9:00-18:00-ն։
«Յուրաքանչյուր հայտատու, որը 3-րդ միջոցառման պահանջներին բավարարում է ներկայացված կայքով կարող է մտնել և լրացնել իր առցանց դիմումը: Դիմումներն ընդունվում են միայն առցանց: Վարկային պատմությունը, որպեսզի կարողանան ճշտել, պետք է դիմեն ԱՔՌԱ համակարգ՝ տվյալները ստանալու համար»,- ասաց Մարգարյանը:
Նաիրա Մարգարյանը նաև նշեց, որ հայտադիմումն ավելի արագ մշակելու համար իրենք առաջարկում են տրամադրել Ներդրումների աջակցման կենտրոնին լիազորագիր:
«Ներդրումների աջակցման կենտրոնն ինքը կդիմի ԱՔՌԱ-ին և կստանա շահառուի փոխարեն այդ տվյալը: Լիազորագիրը կցված է նույն հայտադիմումի մեջ: Պետք է ստորագրված լինի էլեկտրոնային ստորագրությամբ: Շահառուները պետք է ներբեռնեն նաև իրենց հարկային հաշվետվությունները»,- ասաց Մարգարյանը: