Որոշվել է հակաճգնաժամային սոցիալական աջակցության մեկ միջոցառում իրականացնել՝ 16-րդը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով կորոնավիրուսի հետևանքով առաջացած կոմունալ ճգնաժամին, նա նշեց, որ պետությունը կոլապսի առաջ էր կանգնել, սակայն Կառավարության ընդունած միջոցառումների շնորհիվ հնարավոր եղավ շտկել իրավիճակը: 16-րդ միջոցառումը ևս կուղղվի այդ խնդրի կարգավորմանը։
«Մենք մինչև հիմա աջակցել ենք մինչև 10 հազար դրամի էլեկտրաէներգիա սպառող բաժանորդներին, հիմա մենք որոշել ենք աջակցել այն սպառողներին, որոնք ունեցել են մինչև 10.001 դրամից մինչև 25.000 դրամ էլէկտրաէներգիայի սպառում փետրվար ամսվա համար և 30.001 դրամից մինչև 40.000 դրամ գազի սպառում: Մենք կփոխհատուցենք այս սպառողների ծախսի 30 տոկոսը: Մենք կունենանք 207.837 էլեկտրաէներգիայի բաժանորդ և 81.697 գազի բաժանորդ»,- նշեց վարչապետը:
Վարչապետի խոսքով՝ հանրապետությունում 310 ընդհանրապես չգազիֆիկացված գյուղ կա, և այդ գյուղի բնակիչների համար էլեկտրաէներգայի ծախսը կփոխհատուցվի 50 տոկոսով:
16-րդ միջոցառման երրորդ կետով՝ այն բաժանորդները, որոնք մարտին մինչև 3000 դրամ ջրի սպառում են ունեցել, նրանց ջրի վարձի մինչև 50 տոկոսը կվճարի պետությունը:
«Այս ծրագրի շահառուների թիվը 424.972 է»,- նշեց վարչապետը:
Փաշինյանի խոսքով՝ մոտ 4-5 միլիարդ, Կառավարությունը ծախսում է բնակիչների կոմունալների ծախսերի համար, և այս փուլում Կառավարությունը ինչ պետք է աներ կոմունալների աջակցության հարցով՝ արդեն արել է: Մանավանդ որ, արդեն տաք ամիսներ են, և գազի ու լույսի վարձերն էականորեն նվազում են:
Վարչապետը դիմեց այն քաղաքացիներին, ովքեր կոմունալների աջակցության կարիք չունեն. քանի որ պետությունը փոխհատուցում է կոմունալ վճարները՝ ըստ ծախսած գումարի և ոչ սոցիալական վիճակի, դրանք, միևնույն է՝ նստելու են կարիք չունեցող քաղաքացիների հաշիվներին, խնդրեց նույն կոմունալ վճարի չափով գումար փոխանցել կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամին: