Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը քննարկելու, որոշակի սահմանափակումներ վերանայելու նպատակով Առողջապահության նախարարությունում կայացել է հանդիպում առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի, Երևանի փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ Մելքոմյանի, շահագրգիռ այլ գերատեսչությունների ներկայացուցիչների, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։
Անդրադարձ է կատարվել սանիտարական և համաճարակային բոլոր այն պահանջներին, որոնցով կարգավորվում են հանրակրթական ու նախադպրոցական հաստատությունների աշխատանքները կորոնավիրուսային հիվանդության պայմաններում:
Լենա Նանուշյանը նշել է, որ հաշվի առնելով հանրապետությունում առկա համաճարակաբանական կայուն իրավիճակը` վերանայվել են որոշակի սահմանափակումներ, «Կորոնավիրուսային հիվանդությամբ (Covid-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» որոշման մեջ կատարվել են փոփոխություններ, այդուհանդերձ չպետք է թուլացնել զգոնությունը և պատրաստ լինել վարակի հնարավոր հաջորդ ալիքին:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության ձգվածությունը՝ պետք է գտնել լուծումներ բոլոր մակարդակներում պատշաճ կրթություն ապահովելու նպատակով։ Նա կարևորել է ուսումնական հաստատությունների համար կիրառվող կանոնների պարզեցման անհրաժեշտությունը՝ միաժամանակ սահմանելով առավել հետևողական վերահսկողություն դրանց պահպանման ուղղությամբ։
Աշխատանքի վերադառնալ ցանկացող և այս ընթացքում աշխատանքի անցած ծնողների համար խնդիրն օրակարգային է և ունի ինչպես սոցիալական, այնպես էլ կրթական առաջնային նշանակություն:
Նշված հարցերի լուծման արդյունավետ տարբերակ գտնելու նպատակով կողմերը սահմանափակումների վերանայմանը միտված բոլոր հնարավոր տարբերակներն ու առաջարկները քննարկելու պայմանավորվածություն են ձեռք բերել: Մասնավորապես նախապատրաստվում է առողջապահության նախարարի համապատասխան հրամանների փոփոխություն, որը կիրականացվի առաջիկա օրերին։