Հանրապետությունում ամեն օր արձանագրվող դեպքերի առումով բավական կայուն վիճակում ենք․ օրական արձանագրվող թվերը տատանվում են 500-600-ի շրջանակներում։ Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, Պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Այս իմաստով իրավիճակի ավելի բարդացում տեղի չի ունեցել, իսկ դա վերջին շրջանում իրականացվող հակահամաճարակային կանոնների պահպանման արդյունք են»,- ասաց նախարարը՝ ընդգծելով, որ միայն հակամաճարակային կանոնների պահպանման մեջ է իրավիճակի շտկման բանալին։
Նախարարը նշեց, որ թվերի ցածրացումը կարևոր է այն առումով, որ նույնիսկ առողջապահական մեծ հզորությունների պայմաններում վարակված անձանց ինչ-որ տոկոս, որը, բարեբախտաբար, Հայաստանում բավականին ցածր է, իսկ աշխարհում լավագույն տոկոսներից է, դժբախտաբար մահանում են։
«Եթե այսօր արձանագրվել է 320 նոր դեպք, նույնիսկ ամենաբարձր որակի ու պատշաճ բուժօգնության դեպքում, վարակվածներին 1․5-1,6 տոկոսը մահանում են»,- ասաց նախարաը՝ նշելով, որ ցածր թվերի դեպքում կունենանք քիչ մահացության դեպքեր։
Անդրադառնալով առողջապահական հզորությունների զարգացմանը՝ Թորոսյանը նշեց, որ երեկ ՀՀ-ն մեծ ձեռքբերում է ունեցել ու օդանավակայանից այդ սարքերը բաշխվել են կորոնավիրուսային բուժմամբ զբաղվող բուժհաստատություններից՝ հավելելով, որ դրա արդյունքն արդեն նկատելի է։
«Այն քաղաքացիները, ովքեր տանը սպասում էին հոսպիտալացման, երեկ երեկոյից սկսած տանը հոսպիտալացման սպասող քաղաքացիներ չունենք»,- ասաց Թորոյանը։
Նախարարը հայտնեց, որ հաջորդ խնդիրը մնում է որոշ բուժհաստատություններից դեպքի կորոնավիրուսային հիվանդությամբ բուժհաստատությունների հիվանդների տեղափոխումը, որը ևս մոտ օրերս կլուծվի։
«Վաղը և մյուս օրը ևս մի քանի բուժհաստատություններ կմիանան կորոնավիրուսային պայքարի համակարգին, մեծ ծավալ կավելանա Դիլիջանի ԲԿ-ում, որովհետև մի մասն է շահագործված և «Արմենիա» ԲԿ-ն վաղը չէ մյուս օրը կմիանա՝ 50 մահճակալներով և 8 վերակենդանացման մահճակալներով։ Միանալու փուլի մեջ են Սպիտակի ԲԿ-ն ու Մարտունու ԲԿ-ի՝ մոտ 50 մահճակալներով»,- ասաց Թորոսյանը։