Չնայած գերլարված ու գերմոբիլիզացված աշխատանքին՝ առողջապահության համակարգը ռազմական գործողություններից տուժածների մասով թերացում չունի։ Այս մասին ԱԺ-ում 2021 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ վստահեցրեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Չկա վիրավորում ստացած գեթ մեկ զինծառայող կամ քաղաքացիական անձ, որը չի ստացել պատշաճ բուժօգնություն։ Պատերազմի հետևանքով տուժածների մասով 100 տոկոսով ծածկում ենք դաշտը, ունենք նաև ռեզերվներ՝ այլ զարգացումների համար, ինչը չի կարելի ասել կորոնավիրուսի վարակակիրների մասով։ Չնայած մոբիլիզացիային՝ համակարգն ունի սահմանափակ ռեսուրսներ»,- նշեց նախարարը։
Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ այսօր ժամը 9։00-ի դրությամբ 861 քաղաքացի սպասում է իր հերթին՝ կորոնավիրուսով ցուցված բուժօգնություն ստանալուն։ Այսօր առողջապահական համակարգի թիվ մեկ խնդիրը կորոնավիրուսով հիվանդ ծայրահեղ ծանր պացիենտներին հնարավորինս բուժօգնություն ցույց տալն է, որոնց թիվն այդքան էլ քիչ չէ։
«Նրանցից 113-ի մոտ թթվածնի սատուրացիան արյան մեջ 80-ից ցածր է, ինչը ծայրահեղ ծանր վիճակ է։ Իսկ 271-ի մոտ սատուրացիան տատանվում է 81-90-ի շրջանակներում, ինչը մոտ է ծանրին։ Ունենք 101 քաղաքացի, որոնց սատուրացիան 91-ից բարձր է: Ցավոք, այս թիվը վերջին օրերին միայն աճում է։ Ոչ ծանր պացիենտներին, թեթև կամ թեթևից մի քիչ ծանր դեպքերը փորձում ենք բուժել տանը»,- ներկայացրեց առողջապահական համակարգի ղեկավարը։