Մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներքին հրահանգ է ուղարկել հայաստանյան ԲԿ-ներ, որպեսզի դադարեցնեն սպասարկել պետպատվերով։ Այս հրահանգի մասին այսօր կառավարության նիստի ավարտին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ խոսեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա ասաց, որ հրահանգն ամենևին էլ ներքին չէ։ Սովորական հրահանգ է․ հստակ ընթացակարգով գրագրություն պարբերաբար ունենում են բոլոր ԲԿ-ների հետ։
Նրա խոսքով՝ բոլոր ԲԿ-ները տարվա սկզբին կնքում են պետպատվերի շրջանակային պայմանագրեր և հստակ ձևակերպվում է, թե տվյալ ԲԿ-ն ինչ ծավալի պետպատվեր պետք է իրականացնի։
«Իհարկե, ԲԿ-ները պետք է ամեն ինչ անեն՝ փորձելու մնալ այդ շրջանակային պայմանագրային գումարների սահմանում,
որովհետև բոլորս հասկանում ենք, որ բյուջեն սահմանափակ է, մենք հստակ կանխատեսում և դիսցիպլին պետք է ունենանք բյուջետային միջոցները իրացնելու համար»,- ասաց Ավանեսյանը։
Նախարարը, ի պաշտպանություն գործող կառավարության, նշեց, որ այս տարիների ընթացքում առողջապահության ոլորտում գրանցել է 30 տոկոս գումարի աճ, և ոչ մի կոպեկ այդ գումարից չի կորել։ Պարզապես կորոնավիրուսով ու հետպատերազմյան շրջանով պայմանավորված՝ դիմելիությունը շեշտակի մեծացել է։
Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ մարդիկ ահազանգում են, որ խոշոր հերթեր են գոյացել հատկապես սրտի ստենտավորման համար։