Հայաստանում կորոնավիրուսային լարված իրավիճակին անդրադարձել է Ֆրանսիայից ժամանած վերակենդանացման բժիշկ Հայկ Վարդանյանը, որը պարբերաբար գալիս է Հայաստան՝ գործընկերներին օգնելու COVID-19-ի դեմ պայքարում:
Հայկ Վարդանյանը աուդիո հաղորդագրություն է հրապարակել հայաստանցի իր գործընկերոջից, որտեղ վերջինս խոսում է երկրում տիրող բարդ համաճարակաբանական իրավիճակի մասին, որի հետևանքով հիվանդանոցներում այլևս ազատ մահճակալներ չկան:
«Չես պատկերացնի, թե ինչ ահավոր վիճակ է մեզ մոտ, ինչքան խառը։ Աննկարագրելի է ուղղակի։ Ես հիմա հիվանդանոցում եմ և տեղի խնդիր ունեմ, որ հիվանդներին տեղավորեմ»,- ասել է հայաստանցի բժիշկը։
Հարկ է նշել, որ ավելի վաղ Armenia Today-ին տված հարցազրույցում Վարդանյանն ընդգծել էր բնակչության լիարժեք պատվաստման համար բոլոր ռեսուրսների մոբիլիզացման անհրաժեշտությունը: Նա նշել է, որ այս իրավիճակից դուրս գալու միակ ելքը զանգվածային պատվաստումն է: