Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 11:00-ին, Սպենդիրյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում տեղի կունենա «Պատվաստումների օր Երևանում» խորագրով միջոցառումը՝ ՀՀ առողջապահության նախարարության, Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնել է Առողջապահության նախարարությունը։
Ըստ հայտարարության՝ օպերայի բակում կտեղադրվեն շարժական պատվաստումային կետեր՝ պատվաստվել ցանկացող քաղաքացիներին տեղում պատվաստվելու հնարավորություն ընձեռելու համար: Միջոցառման նպատակն է խրախուսել պատվաստումային գործընթացը, հանրությանն առավել իրազեկ դարձնել դրան առնչվող տեղեկատվությանը, ձևավորել հանրային բարձր գիտակցություն՝ պատվաստման կարևորության վերաբերյալ:
Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորների կողմից անցորդներին կբաժանվեն պատվաստման գործընթացի վերաբերյալ իրազեկման նյութեր, ինչպես նաև անհատական պաշտպանիչ միջոցներ: